Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, թե Բաքվի հետ հրապարակային դաշտում անցանկալի եւ անհարկի լարվածությունից հետո, որը երկու կողմն էլ խելամտորեն նախընտրեցին հաղթահարել, այժմ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերություններն անցնում են նոր փուլ:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտնել է նաեւ, որ Իրանի եւ Ադրբեջանի նախագահները, հնարավոր է, հաջորդ շաբաթ հանդիպեն:
«Այժմ Թեհրանում է Ադրբեջանի պաշտոնական պատվիրակությունը՝ երկկողմ հարաբերություններում նոր փուլ սկսելու համար։ Մոտ ապագայում նախատեսվում են նաեւ բարձր մակարդակի այլ հանդիպումներ, որոնց թվում՝ նախագահներ Իբրահիմ Ռաիսիի եւ Իլհամ Ալիեւի միջեւ հաջորդ շաբաթ՝ Թուրքմենստանում անցկացվելիք գագաթնաժողովի ժամանակ», — ասել է նա: Սա Ալիեւի առաջին դեմ առ դեմ հանդիպումը կլինի Ռաիսիի հետ վերջինիս՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր։
Իրանի նավթի նախարար Ջավադ Օրուջին հայտարարել է, թե կառուցողական հանդիպում են ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ, եւ կարեւոր համաձայնություններ են ձեռք բերվել: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Իրանն ու Ադրբեջանը առաջիկա շաբաթների ընթացքում կարող են համաձայնագիր ստորագրել Կասպից ծովում նավթագազային հանքավայրերի համատեղ շահագործման շուրջ։
Բաքվից Թեհրան մեկնած պատվիրակությունը գլխավորել է փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը, որը Հարավային Կովկասում հաղորդակցության միջոցների ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակման եռակողմ՝ հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբում Ադրբեջանի բանակցողն է։
Ադրբեջանում Իրանի դեսպան Աբաս Մուսավին էլ նոյեմբերի 19-ին հանդիպել է փոխվարչապետ Մուստաֆաեւի հետ։ «Երկար ու կառուցողական քննարկում ունեցանք երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների վերջին զարգացումների շուրջ»,- թվիթերյան գրառմամբ նշել է Մուսավին՝ հավելելով, թե ուսումնասիրվել են հատկապես համատեղ նախագծերը եւ տարածաշրջանային համագործակցությունն ընդարձակելու հնարավորությունները։