ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ քննարկմանը ներկայացրել է ադրբեջանական իշխանությունների, զինված ուժերի կողմից ՀՀ գյուղերի հարեւանությամբ զինված հարձակումների, մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ ճանապարհների արգելափակումների իրավական հիմքերից զուրկ լինելու փաստերը։
Քննարկումը կազմակերպվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արեւմտյան տարածաշրջանի կողմից (The Armenian National Committee of America-Western Region (ANCA Western Region)), որին մասնակցել են նաեւ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արեւմտյան տարածաշրջանի (ANCA-WR) հանձնախմբի ղեկավար Նորա Հովսեփյանը, Ժամանակավոր գործադիր տնօրեն Վերջինի Թուլումյանը եւ Կառավարության հարցերով համակարգող Ռուբեն Կարապետյանը:
Հայաստանի ՄԻՊ-ը ԱՄՆ կոնգրեսականին ներկայացրել է 2021-ի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք Սյունիքում, որն ուղեկցվել է քաղաքացիական բնակավայրերի անմիջական հարեւանությամբ ադրբեջանական ուժերի հարձակումներով՝ իրական վտանգի ենթարկելով խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը:
Պաշտպանը ներկայացրել է նաեւ ադրբեջանական ներխուժումներն ու մարդու իրավունքների խախտումները Գեղարքունիքում, Սյունիքում: Ադրբեջանական զինված ծառայողներն անօրինական տեղակայված են ՀՀ քաղաքների եւ գյուղերի միջեւ ճանապարհներին, որոնք վտանգում են մարդկանց կյանքն ու առողջությունը, խաթարել են մարդկանց բնականոն կյանքը։
Արման Թաթոյանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների, այդ թվում՝ նոյեմբերի 16-ին գերեվարվածների անհապաղ վերադարձին եւ արհեստական, իրավական հիմքերից զուրկ դատավարություններին՝ կարեւորելով միջազգային ատյանների արձագանքը:
ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունն ամբողջ աշխարհում ապրող երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է, այն վտանգում է նաեւ այդ երկրների կայունությունն ու մարդու իրավունքների համակարգը։