ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ ադրբեջանական վերջին հարձակումներից անմիջապես հետո ՀՀ Mարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է գերեվարված ՀՀ զինծառայողների վերաբերյալ տեսանյութերի ուսումնասիրություն, ադրբեջաներենից թարգմանություն ու նույնականացում։
Նա ընդգծել է, որ այս պահին խոսքը 21 տեսանյութի եւ 6 լուսանկարի մասին է:
«Մենք կապի մեջ ենք գերության մեջ գտնվող ՀՀ զինծառայողների ընտանիքների հետ»,- շեշտել է Արման Թաթոյանը:։
ՄԻՊ-ը հայտարարել է, որ այս աշխատանքներից հետո նշված նյութերը՝ որպես հավաստի ապացույցներ, պատշաճ կհետազոտվեն եւ կփոխանցվեն ինչպես միջազգային, այնպես էլ հայաստանյան կառույցներին՝ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձին հարցում օգտագործելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ զինծառայողի կամ քաղաքացիական անձի գերության մեջ լինելու փաստը պետք է արձանագրել այն պահից, երբ, օրինակ, տեսանյութով պարզվում է, որ նա ադրբեջանական զինված ուժերի կամ իշխանությունների վերահսկողության ներքո է:
«Այս դեպքում չհաստատելը նրանց չի ազատում պատասխանատվությունից: Նախկինում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ տեսանյութերով հաստատվել է գերության փաստը, բայց ադրբեջանական իշխանությունները դա չեն հաստատել»,- ընդգծել է ՀՀ ՄԻՊ-ը: