Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել է, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոյեմբերի 22-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը», խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Տվյալ հոդվածով նախատեսված հանցանքը պատժվում է 5-ից մինչեւ 10 տարվա ազատազրկմամբ:
Վառելանյութի գործով արդեն երկու տարի մեղադրյալի կարգավիճակ ունեցող Սերժ Սարգսյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել նաեւ այս՝ կաշառքի գործով եւ հրավիրվել հարցաքննության: Գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա դեռ երեք տարի առաջ հարուցված այս քրեական գործով մեղադրվում են նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը, ինչպես նաեւ Քոչարյանի մտերիմ, գործարար Սամվել Մայրապետյանը:
Անցած ամիս քրեական գործ է հարուցվել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Բադեն-Բադեն կատարած թռիչքների գործով։ Պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով քրեական գործով Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի։