«Գազպրոմի» ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիանովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ եթե Մոլդովան 48 ժամից գազամատակարարման համար ամբողջ ծավալով չվճարի, ընկերությունը կդադարեցնի գազամատակարարումը:
«Հաշվի առնելով Մոլդովայի տնտեսական ու ֆինանսական բարդ վիճակը, «Գազպրոմի» նկատմամբ պարտքային պարտավորությունների վճարման հնարավորությունը պահպանելու ձգտումը, ինչպես նաեւ Ռուսաստանի նախագահի դիրքորոշումը, որին մոլդովական կողմը բազմաթիվ անգամներ է դիմել աջակցության համար` «Գազպրոմը» որոշել էր պայմանագիր կնքել փաստացի մոլդովական կողմի պայմաններով, սակայն էական ու կարեւոր կետով Մոլդովան ժամանակին պետք է կատարի գազի դիմաց ընթացիկ վճարումները»,- ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ ասել է Կուպրիանովը:
Նա ընդգծել է, որ ընթացիկ վճարումների հերթական ժամկետը լրանում է նոյեմբերի 22-ին, սակայն վճարումը չի կատարվել։ Պայմանագրի համաձայն` ընկերությունը մոլդովական կողմին տեղեկացրել է, որ 48 ժամից գազամատակարարումը կդադարեցվի:
«Գազպրոմն» ու «Մոլդովագազը» հոկտեմբերի 29-ին հինգ տարով երկարաձգել էին գազամատակարարման պայմանագիրը՝ սկսած նոյեմբերի 1-ից: Ռուսական ընկերությունն ընդգծել էր, որ կողմերը արձանագրություն են ստորագրել գազի ոլորտում ընթացիկ հարցերի կարգավորման վերաբերյալ, համաձայնագրի երկարաձգման պայմաններն էլ փոխշահավետ են:
Մոլդովայի իշխանությունը հայտնել էր, որ նոր պայմանագրում մոլդովական կողմի առաջարկած բանաձեւն է օգտագործվելու։ Բացի դրանից՝ 2022-ին «Գազպրոմի» հանդեպ «Մոլդովագազի» պարտքի աուդիտ է անցկացվելու, եւ պարտքը մարվելու է հինգ տարվա ընթացքում։