ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն, ամփոփելով Բելառուսի Գրոդնոյի շրջանի տրանսպորտային եւ նյութատեխնիկական ապահովման կենտրոն, ինչպես նաեւ հիվանդանոցներ կատարած այցի նախնական արդյունքները, նշել է, որ նոյեմբերի 25-ին Բելառուս կուղարկվի հումանիտար բեռ։ Հիմնականում լինելու է բժշկական օգնություն՝ սարքավորումներ, բժշկական պարագաներ, դեղամիջոցներ:
Գերմանիան մերժել է Բելառուսի եւ Լեհաստանի սահմանին տեղակայված ժամանակավոր ճամբարում գտնվող 2000 միգրանտներին ընդունելու Մինսկի կոչը: Ըստ Deutsche Welle-ի՝ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Գերմանիան ու ԵՄ-ն չեն կարող ընդունել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը:
Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ Բելառուսում գտնվող անօրինական միգրանտներին պետք է ընդունի Գերմանիան: Մինսկը նաեւ պատրաստակամություն է հայտնել 5 հազար միգրանտի ուղարկելու հետ՝ տուն, եթե ԵՄ-ն երկու հազարին ընդունի:
Մերձավոր Արեւելքի երկրներից դեպի ԵՄ ներգաղթյալների հոսքն ավելացել է 2021-ի մայիսից: Ամենաբարդ իրավիճակը Լեհաստանում, Լատվիայում եւ Լիտվայում է։ Միգրանտները Բելառուսի տարածքով փորձում են հասնել այդ երկրներ: Իրավիճակը սահմանին սրվել է նոյեմբերի 8-ից: Բելառուսի եւ Լեհաստանի սահմանին տեղակայված ժամանակավոր ճամբարում հազարավոր միգրանտներ են հավաքված:
Արեւմուտքը պնդում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմը միտումնավոր է միգրանտներին ուղղորդում դեպի Եվրամիության սահման՝ Արեւմուտքի պատժամիջոցներին ի պատասխան։ Բելառուսի նախագահը հերքում է մեղադրանքները։