Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտնել է, որ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» (ԶԱՀ) ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է հիմնադրամի գործունեությանը եւ դրա վրա Արցախյան վերջին պատերազմի ազդեցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են հիմնադրամի Հանրային կապերի եւ զարգացման բաժնի ղեկավար Նարինե Գալստյանը եւ ֆոնդհայթայթման եւ դոնորների հետ հարաբերությունների պատասխանատու Սոնա Բաղդասարյանը:
Բայբուրդյանը հայտնել է, որ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն առաջիկայում կկազմակերպի արվեստի ցուցահանդես, որի ամբողջական հասույթը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»:
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն» ունի 4582 շահառու, որից 4165-ը գրանցվել է 44-օրյա պատերազմից հետո: Նրանց հատուցում է տրամադրվել շուրջ 109000000 ամերիկյան դոլարի չափով։
Հիմնադրամի շահառուների 86 տոկոսը (3948) զոհվածներ են, 2 տոկոսը (76)՝ անհայտ բացակայողներ, 12 տոկոսը (558)՝ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողներ։
Հիմնադրման օրվանից՝ 2017-ից ի վեր հիմնադրամը ստացել է շուրջ 23 միլիոն ամերիկյան դոլար նվիրատվություն, որի 70 տոկոսը ստացել է Հայաստանից, մյուս մասը՝ տարբեր երկրներից։ Մնացած միջոցները գոյանում են Հայաստանի եւ Արցախի բնակիչների աշխատավարձերի պարտադիր վճարներից: