ԱՄՆ պետքարտուղարությունը երկու նավ եւ Ռուսաստանի հետ կապված մեկ ընկերություն է ներառել «Հյուսիսային հոսք-2» գազատարի դեմ հնարավոր նոր պատժամիջոցների ցանկում, որը ներկայացվել է Կոնգրեսին։
«Այսօրվա զեկույցը համահունչ է Միացյալ Նահանգների անփոփոխ դիրքորոշմանը, ըստ որի՝ ԱՄՆ-ը դեմ է «Հյուսիսային հոսք-2» գազատարին, եւ ԱՄՆ կառավարությունը հետեւում է PEESA-ի դրույթներին»,- հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: PEESA-ն (Protecting European Energy Security Act) Եվրոպական էներգետիկ անվտանգության պաշտպանության մասին ակտ է:
ԱՄՆ վարչակազմը պարտավոր է կանոնավորապես Կոնգրեսին հաշվետվություններ ներկայացնել «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությանը մասնակցող իրավաբանական անձանց ցուցակի վերաբերյալ՝ հնարավոր պատժամիջոցների կիրառման համար։
«Հյուսիսային հոսք-2»-ը, որով նախատեսվում է ռուսական գազը Բալթիկ ծովով դեպի Արեւմտյան Եվրոպա մղել, ամբողջությամբ կառուցված է եւ նույնիսկ գազով է լցված, սակայն գազատարը կարող է սկսել աշխատել միայն Գերմանիայում հավաստագրումից հետո:
Գործընթացը կասեցվել է, քանի որ, ըստ գերմանական օրենսդրության, օպերատորը պետք է ստեղծի եւ գրանցի դուստր ձեռնարկություն երկրում գործող գազատարի հատվածի համար։
Բոլոր իրավական ընթացակարգերն ու ստուգումներն ավարտելու համար կպահանջվեն ամիսներ, եւ նույնիսկ գերմանական իշխանությունների հաստատումից հետո հավաստագիրը դեռ պետք է հաստատվի Եվրոպական հանձնաժողովի կողմից: