Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ ՄԻՊ աշխատակազմը հրապարակել է զեկույց Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց՝ կեղծ մեղադրանքների վրա հիմնված հետապնդումների եւ դատավարությունների վերաբերյալ։
Զեկույցում ներկայացված են տվյալներ հայ ռազմագերիների եւ քաղաքացիական գերեվարված անձանց նկատմամբ կազմակերպված շինծու եւ անօրինական դատավարությունների վերաբերյալ, ինչը «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» եւ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնեւի կոնվենցիաների կոպիտ խախտում է։
Կազմակերպված 45 ապօրինի, անհիմն ու շինծու դատավարությունների հետեւանքով 3 անձ (մեկը՝ քաղաքացիական) դատապարտվել է 20 տարվա, 2 անձ (քաղաքացիական)՝ 15 տարվա, 23 անձ՝ 6 տարվա, 2 անձ՝ 4 տարվա, 13 անձ՝ 6 ամսվա ազատազրկման։ 2 հայ ռազմագերիների նկատմամբ շինծու քրեական գործերի նյութերը Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում են։
Իրականացվող ապօրինի դատավարությունների ենթարկված հայ ռազմագերիներից 5-ը 2021 թվականի հոկտեմբերի 19-ին հայրենադարձվել են։ Սակայն այս պահին Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք։