ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսին:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ սա ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի այսպիսի բարձր մակարդակով առաջին այցելությունն է Հայաստանի Հանրապետություն։
Բարձր ներկայացուցիչ Մորատինոսը կարեւորել է Հայաստանի դերն ու մասնակցությունը Քաղաքակրթությունների դաշինքի աշխատանքներին։ Նա հավելել է, որ Քաղաքակրթությունների դաշինքն իր մանդատի շրջանակում պատրաստ է նպաստելու տարածաշրջանում հանդուրժողականության խթանմանը, միջկրոնական երկխոսությանը եւ կրոնական սրբավայրերի պաշտպանությանը։
Փաշինյանը կարեւորել է տարածաշրջանում երկխոսության ու հանդուրժողականության խթանմանը միտված քայլերը` միաժամանակ ընդգծելով միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին համարժեք արձագանքի անհրաժեշտությունը:
Կառավարության ղեկավարը Մորատինոսի ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ ագրեսիայի հետեւանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացման ու խեղաթյուրման փաստերի, այդ թվում՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու եւ Դադիվանքի վանական համալիրի նկատմամբ ադրբեջանական կողմի գործողությունների վրա:
Վարչապետը կարեւորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ՝ ընդգծելով այս հարցում եւս Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը:
Փաշինյանն առանձնակի կարեւորել է նաեւ Արցախում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մարդասիրական առաքելության գործունեության անհրաժեշտությունը: