ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը եւ Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Գուլունցը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Տեղ խոշորացված համայնքի Քարաշեն եւ Խոզնավար բնակավայրերում վաղ ուսումնառության երկու նոր կենտրոններ հիմնելու նպատակով:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը նշել է, որ Սյունիքի երեխաներն այսօր կանգնած են աննախադեպ մարտահրավերների առաջ, որոնց հաղթահարման համար աջակցություն եւ հանձնառություն է հարկավոր։ «Մանուկ հասակում հանուն երեխաների զարգացման ներդրումներ անել նշանակում է ներդրումներ անել Սյունիքի ապագայի համար, որտեղ յուրաքանչյուր երեխա կարեւոր է եւ կարող է նպաստել այս գեղեցիկ մարզի բարգավաճմանն ու զարգացմանը»,- ընդգծել է նա:
Առաջիկա 12 ամսում ՅՈՒՆԻՍԵՖ-ը երկու բնակավայրերում վերանորոգման աշխատանքներ կիրականացնի՝ հոգալով կենտրոնների հիմնման ծախսերը, կկահավորի դրանք, կտրամադրի անհրաժեշտ խաղալիքներն ու ուսումնական նյութերը, ինչպես նաեւ վաղ ուսումնառության թեմայով վերապատրաստում կանցկացնի բնակավայրերի մի խումբ կանանց համար:
Ծրագիրը կիրականացվի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, ինչպես նաեւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ ուսումնառության այլընտրանքային մոդելն առաջին անգամ փորձարկվել է Սյունիքի մարզում 2016-2017 թվականներին: Կենտրոնները հիմնվել են Բնունիսում, Բարձրավանում, Տարոնիկում, Թասիկում, Ալվանքում, Նռնաձորում, Հացավանում եւ Եղվարդում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը մոդելավորել, գնահատել եւ ծախսագրել է պիլոտային նախաձեռնությունը: ՀՀ Կառավարությունը ներդրումներ կատարեց հօգուտ վաղ ուսումնառության ծառայությունների կազմակերպման այս մոդելի երկրի այլ, սակավաթիվ բնակչություն ունեցող հեռավոր անկյուններում:
Վաղ ուսումնառության կենտրոնների հիմնումը Տեղ խոշորացված համայնքի Քարաշեն եւ Խոզնավար բնակավայրերում, ինչպես նաեւ Գորիսի խոշորացված համայնքի Հարթաշեն բնակավայրում հնարավոր է դարձել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, որպես Հայաստանում ժողովրդավարության խորացման համար կանանց, երիտասարդների եւ երեխաների դերի հզորացման «Ապագան այսօր» ծրագրի մաս: