ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ 2021-ի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի ՌԴ տարածքում փաթեթավորված խմելու ջրի՝ նույնականացման միջոցներով մակնշման պահանջը եւ չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը: Օրենսդրական կարգավորումները նախատեսված են ԵՏՀ խորհրդի «Նույնականացման միջոցներով փաթեթավորված ջրի դրոշմավորում սահմանելու մասին» 2021-ի հոկտեմբերի 29-ի թիվ 113 որոշումով եւ ՌԴ կառավարության 2021-ի մայիսի 31-ի թիվ 841 որոշումով:
Չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը ուժի մեջ կմտնի գազավորված եւ չգազավորված բնական հանքային խմելու ջրերի մասով՝ 2021-ի դեկտեմբերի 1-ից, իսկ այլ գազավորված եւ չգազավորված հանքային խմելու եւ խմելու այլ տեսակի ջրերի մասով՝ 2022-ի մարտի 1-ից։
Նախքան ազգային օպերատորի կողմից համակարգերի ներդրումը հայաստանյան տնտեսվարողները ՌԴ տարածք նշված ապրանքները տեղափոխելիս կարող են մակնշումն ապահովել ՌԴ ռեզիդենտ վստահված անձանց միջոցով` ի դեմս ներմուծողների: Ռուսաստանի Դաշնության ներմուծող կազմակերպությունը կարող է համապատասխան ապրանքների համար պատվիրել մակնշման կոդեր եւ տրամադրել հայաստանյան ընկերությանը (արտահանողին): Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչեւ ՌԴ ներմուծելը:
Ռուսաստանի Դաշնությունում դրոշմավորման ազգային օպերատորը «Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» (Центр развития перспективных технологий) ընկերությունն է: