Տարիներ առաջ էր, աշխարհի քաղաքական քարտեզ էի առել տղայիս համար։ Հայաստանը հազիվ նշմարելի էր, իսկ երեխայի դիտանկյունից՝ անհասկանալի փոքր՝ գրեթե անտեսանելի։ Երբ զգացի, որ այդ փաստը տխրեցրել է նրան ու ընկճել, մի առանձին մեծ ու ավելի որակյալ գույներով ու էսթետիկ լուծումներով միայն Հայաստանի քարտեզ առա՝ չափերով աշխարհի քարտեզին հավասար։
Երբեմն զգացողություն եմ ունենում, որ որպես հասարակություն՝ այդ նույն իրավիճակում ենք. մեր ներքին հոգեբանական անհարմարությունը հաղթահարելու համար այլընտրանքային քարտեզներ, պատումներ, զարգացումներ ենք երեւակայում, մեր ընկալումներում փոխում ուզածդ մասշտաբ ու չափս, տեղ ու ժամանակ։ Ու խանդավառվում հինգ տարեկանի ոգեւորությամբ։
Ու եթե երեխայի մեծանալուն զուգընթաց բացատրում ես, որ քարտեզն, ի վերջո, իմաստ ունի իր ամբողջության մեջ միայն, եւ որ դա ամենեւին առիթ չէ ընկճվելու, հասարակության դեպքում դա անելը կրկնակի բարդ է։ Որովհետեւ այստեղ հասարակության համար հաճախ ուղենիշ են դառնում մարդիկ, որոնք նպատակ չունեն նպաստելու, որ հասարակությունը հասունանա, որովհետեւ հասուն հասարակությունը իրենց համար կդադարի ստնտու կովի դերում լինելուց, որի զգացմունքների ու փափագների հետ խաղալը կոնկրետ թիվ արժի եւ ահագին եկամտաբեր աշխատանք է։
Այնինչ «կարեւորը մենք ենք ու Ավստրիան» տրամաբանությունից դուրս գալու դեպքում հնարավոր է, որ շատ ավելի արդյունավետորեն կարողանանք պահպանել ու զարգացնել այն, ինչ ունենք։ Իսկ մեր ունեցածը՝ անկախ պետությունը, թեեւ վիրավոր ու ջախջախված, բայց դարերի երազանք է եղել, դարերի պայքարի ու ազգային փափագի արդյունք։
Այս օրերին հաճախ են լինում քննարկումներ իրականությունը վերլուծելու, ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու նպատակով։ Ու բոլոր այդ քննարկումներում կարելի է զարմանքով կամ ոչ այնքան հայտնաբերել, որ յուրաքանչյուր ոլորտի խնդիրների մասին բարձրաձայնելիս ակնհայտ է դառնում, որ ոլորտը գործել է պետության հովանու ներքո՝ առանց պետական մտածողության առկայության եւ առանց դրա կարեւորության գիտակցման։
Պետությունը՝ որպես համակարգ, եղել ու չի եղել, միաժամանակ։ Պետությունը ինստիտուտներն են, որոնք մեզանում աշխատել են մարդ-ինստիտուտ սկզբունքով ու հաճախ վերաճել անբարեխիղճ աշխատող-ինստիտուտի, նպաստել ինստիտուտի քայքայմանն ավելի շատ, քան դրա ձեւավորմանն ու զարգացմանը։ Որովհետեւ գուցե իրավամբ Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից» (Վանո), սիրում է այն հայրենիքը, որ ուրվագծված է մեր երեւակայական քարտեզներում, որ մեծ է ու ինքնաբավ ու մեր կարիքը չունի, թե ունի էլ՝ մեր բաժակաճառերի ու երգերի գուցե։
Արժեւորել այն, ինչ ունենք, ու փորձել պահպանել․ սա ամենից առաջնային խնդիրն է։ Չտրվել ծայրահեղություններին ու Ծովից ծով Հայաստանին չհակադրել Հայաստանի բացակայությունը քարտեզների վրա, առհասարակ։ Մենք՝ որպես ազգ ու հասարակություն, չափազանց մեծ գին ենք վճարել պետության գաղափարի համար, որպեսզի հիմա այսքան անփութորեն ու ինչ-որ զարդ ունենալ-չունենալու թեթեւությամբ խոսենք նրա գոյության նպատակահարմարության մասին։
Քարտեզները կարեւոր են, բայց ուրվագծերից ու չափերից ավելի կարեւոր են այն արժեքները, որ գերակա են ուրվագծերից ներս։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։