Նոյեմբերի 23-ին Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձեւ է ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության եւ հայ գերիների վերաբերյալ։
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանությունից հայտնել են, որ բանաձեւերից մեկում խորհրդարանը կոչ է անում կառավարությանը համատեղ աշխատելու ԵՄ-ի հետ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության փաստերի վերաբերյալ անկախ հետաքննություն իրականացնելու նպատակով եւ կարժ ժամանակահատվածում արդյունքների մասին զեկուցելու խորհրդարանին։
Երկրորդ բանաձեւում հիշատակվում է Ադրբեջանում մարդու իրավունքների, ազատ խոսքի, մամուլի ազատության հարցերում առկա լուրջագույն խնդիրների մասին, որոնք գնալով ավելի են խորանում։ Բանաձեւն անդրադառնում է նաեւ Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների խնդրին։
Հաշվի առնելով դեկտեմբերի 15-ին Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ԵՄ-ի արժեքներից հեռու երկրի՝ Ադրբեջանի մասնակցությունը, Նիդերլանդների խորհրդարանը կառավարությանը կոչ է անում ԵՄ-Ադրբեջան բանակցությունների ժամանակ հետեւություններ անելու վերոնշյալ իրավիճակներից։