«Գազպրոմ» ընկերությունը համաձայնել է Մոլդովայի համար հետաձգել գազի դիմաց վճարման պարտավորությունը եւ չդադարեցնել մատակարարումները։
««Գազպրոմը» բացառության կարգով, բարի կամք ցուցաբերելով եւ հասկանալով, թե ինչ բարդ իրավիճակում կարող են հայտնվել Մոլդովայի Հանրապետության քաղաքացիները, համաձայնել է կատարել այդ խնդրանքը»,- հայտարարել է գազային հոլդինգի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:
Ռուսական ընկերությունից նաեւ հայտնել են, թե Մոլդովան լիովին ճանաչում է իր պարտքերն ու «Գազպրոմի» պահանջների օրինականությունը եւ պարտավորվում է վճարել նոյեմբերի 26-ին:
«Գազպրոմում» հույս ունեն, որ ապագայում Քիշնեւն անվերապահորեն կկատարի պայմանագրով նախատեսված իր բոլոր պարտավորությունները։
«Մոլդովագազ» ընկերության ղեկավար Վադիմ Չեբանը նախօրեին հայտնել է, որ դիմել է կառավարությանը, որպեսզի փոխառություն վերցնի «Գազպրոմի» հետ պայմանագրի համաձայն գազի դիմաց վճարման համար:
Նոյեմբերի 22-ին «Գազպրոմը» Քիշնեւին տեղեկացրել էր 48 ժամից գազամատակարարման հնարավոր դադարեցման մասին, քանի որ այդ օրը «Մոլդովագազը», ըստ նոր պայմանավորվածության, պետք է վճարեր մուծման 100 տոկոսը, սակայն դա տեղի չի ունեցել: