ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 24-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր:
Կարեւորվել է խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:
Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարը կարեւորել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների դերը` տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում:
Արարատ Միրզոյանը եւ Սերգեյ Լավրովը քննարկել են նաեւ 2020-ի նոյեմբերի 9-ի եւ 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։