Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց են ունեցել: Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության՝ Շառլ Միշելի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված ձեռնարկվող քայլերի մասին: Պուտինը մասնավորապես ներկայացրել է խաղաղ կյանքի հաստատման, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցերը:
«Հենց այս հարցերն են ծրագրվում քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի հանդիպման ընթացքում»,- նշված է Կրեմլի հաղորդագրությունում:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են միջազգային օրակարգի արդիական այլ հարցեր ևս, մասնավորապես ուկրաինական, աֆղանական և լիբանանյան խնդիրները, իրադրությունը Բելառուսի հետ սահմանին: