Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշում է ստորագրել Արցախի ամբողջ տարածքում մեկամսյա կարանտին սահմանելու մասին: Մեծածավալ սահմանափակումներով կարանտինը սահմանվել է նոյեմբերի 24-ի 17:00-ից մինչեւ դեկտեմբերի 24-ի 17:00-ն: Կարանտինի կատարման համակարգումը վերապահվել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանին:
Կարանտինի ընթացքում կկիրառվեն մի շարք սահմանափակումներ։ Մասնավորապես, տնտեսական գործունեություն իրականացնողները պարտավոր են սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները պահպանել, իսկ խնամքի ծառայություններ մատուցող հաստատություններում եւ հոգեբուժական կազմակերպություններում տեսակցություններ թույլատրվում են բացառապես կորոնավիրուսի դեպքերի բացակայության դեպքում:
Մինչեւ նոյեմբերի 27-ը ներառյալ Ստեփանակերտում գործող բոլոր ուսումնական հաստատություններում ուսուցումը կանցկացվի հեռավար: Հեռավարի անցնող ուսումնական հաստատությունների սովորողի ծնողին, հղի կանանց, 55 տարին լրացած եւ ռիսկային գոտում գտնվող այլ անձանց աշխատանքը հնարավոր բոլոր դեպքերում պետք է կազմակերպել հեռավար:
Հավաքներին կարող է մասնակցել առավելագույնը 100 անձ, իսկ փակ տարածքներում անցկացվող միջոցառումներին կարող է մասնակցել առավելագույնը 40 անձ (մանկական միջոցառումների անցկացման դեպքում՝ 20 անձ):
Պարտադիր է նաեւ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս եւ տեղաշարժվելիս անձը հաստատող փաստաթղթի կամ դրա պատճենի առկայությունը:
Հանրային իշխանության մարմիններում եւ մասնավոր հատվածի մի շարք տեսակի գործունեություն իրականացնող կազմակերպություններում աշխատող անձինք աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 14 օրը մեկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսի ախտորոշման առավելագույնը 96 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական արդյունքը։ ՊՇՌ հետազոտությունն աշխատողն իրականացնում է իր հաշվին:
2021-ի նոյեմբերի 4-ի 22։00-ից մինչեւ նույն թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ Ստեփանակերտում եւ Արցախի մի շարք քաղաքային համայնքներում արդեն իսկ սահմանվել էր կարանտին, որի ժամկետը երկարաձգվել է։ Նոյեմբերի 23-ին Արցախում կատարվել է 322 թեստավորում, կորոնավիրուսային հիվանդության 83 նոր դեպք է գրանցվել: