Կոտայքի մարզի Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցում ջեռուցման այլընտրանքային տարբերակ են ընտրել․ արեւկող դասասենյակները ջեռուցվում են արեւային, էկոլոգիապես մաքուր կոլեկտորներով։ Դրանց պատրաստումն իրականացվել է որպես Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ECOserve ծրագրի Էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգետիկայի իրազեկման բաղադրիչի մաս։
Իրականացրել է «Հանրային իրազեկման եւ մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ Այնտեղից տեղեկացանք, որ թիրախ համայնքներում էներգաարդյունավետության վերաբերյալ իրազեկության բարձրացման նպատակով հայտարարվել է «Էներգաարդյունավետ համայնք» մրցույթը, որում հատկապես խրախուսվել է կանանց ու երիտասարդների մասնակցությունը։
Ծրագիրն իրականացվել է ՀՀ Լոռու, Շիրակի, Կոտայքի մարզերի հինգ համայնքների մոտ երեսուն բնակավայրերում։ Հաղթող հինգ գաղափարներից մեկը եղել է «Էներգաարդյունավետ Եղվարդը»։
Դասընթացները մանկապարտեզում, քոլեջում ու դպրոցում իրականացրել է Վարդուհի Բարսեղյանը։ «Երեխաներին պատմում էի գլոբալ բնապահպանական խնդիրների մասին, բնականաբար ոչ խոր գիտական մակարդակով, այլ այնպես, որ տվյալ տարիքային խմբին հասկանալի լինի։ Ընդգրկել էինք նաեւ մանկապարտեզի երեխաներին, քանի որ եթե դպրոցահասակ երեխան, օրինակ, գիտի, որ այսինչ պատճառով չպետք է աղբ թափի, մանկապարտեզի տարիքի երեխան դա կա՛մ չգիտի, կա՛մ քիչ բան գիտի։ Դասընթացներ ենք արել նաեւ ուսուցիչների հետ»,- ասում է Վարդուհին։
Նրա կարծիքով դասընթացներն իրենց նպատակին հասել են․ մարդկանց գիտակցության մակարդակը բարձրացել է։ Սկսել են, օրինակ, ավելորդ թղթերը ոչ թե թափել կամ այրել, այլ հանձնել վերամշակման։ Հավաքված ու վերամշակման հանձնված թղթերի գումարով Հայաստանի ազգային փոքրամասնությունների մասին պաստառ են գնել, որը հիմա փակցված է դպրոցի պատերից մեկին։ Իրազեկման արշավը շարունակվում է։
Օդա-արեւային կոլեկտորների գաղափարի հեղինակները Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի ուսուցչուհի Արշալույս Վարդանյանն ու Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Համեստ Մելիքյանն են՝ երկուսն էլ ֆիզիկայի մասնագետ։ Մինչ այդ նման կոլեկտորներ Բյուրեղավանի դպրոցում էլ են պատրաստել։ Եղվարդում մասնակցում են նաեւ դպրոցի աշակերտները։ Սկսել են ամառվանից։
«Հանրային իրազեկման եւ մոնիտորինգի կենտրոնի» տրամադրած աղբի տեսակավորման աղբամաններով, որոնք տեղադրված են թե՛ դպրոցում, թե՛ դպրոցի տարածքից դուրս, թիթեղյա շշեր են հավաքում, որոնց միջոցով էլ պատրաստում են կոլեկտորները։ Օգտագործվում են նաեւ այլ թափոններ՝ դպրոցական աթոռ-սեղաններ, որոնք այլեւս օգտագործման ենթակա չեն։ Պատրաստման համար անհրաժեշտ նյութեր տրամադրել է նաեւ «Հանրային իրազեկման եւ մոնիտորինգի կենտրոնը»։
«Աշխատանքը շատ հետաքրքիր էր։ Շշերը հավաքելուց հետո մի ամբողջ օր նվիրեցինք կոլեկտորի պատրաստմանը։ Եթե շշերը լինում են, մեկ-երկու օրվա մեջ պատրաստում ենք»,- ասում է 11-րդ դասարանի աշակերտ Աշոտ Մաթեւոսյանը։
Այժմ չորս պատրաստի, տեղադրված կոլեկտոր կա, երեքն էլ պատրաստվում են։ Կոլեկտորները տեղադրված են դասասենյակների պատուհաններին։ Աշոտի կարծիքով՝ դա ինչ-որ չափով խանգարում է դասասենյակի լուսավորվածությանը, կարելի է կոլեկտորը տեղադրել պատի վրա՝ դրսի կողմից, հետո պատի միջով խողովակ անցկացնել, որ տաքությունը ներս գա։
Դպրոցի տնօրեն տիկին Մելիքյանն էլ ասում է՝ դա ավելի ծախսատար ու աշխատատար գործընթաց է։ Աշոտն էլի մի գաղափար ունի՝ առաջարկում է կոլեկտորների վրա հոսանքի փոխարեն արեւային վահանակներ տեղադրել, որ ավելի շատ էներգիա խնայվի։ «Մտածել եմ նաեւ, որ այս ծրագրի մասին կարելի է «Կոկա-կոլա» ընկերությանն ասել։ Նրանք շատ երկրներում մասնաճյուղեր ունեն, կարող են օգնել գաղափարի տարածմանը»,- ասում է Աշոտը։
Տղաներն օգնում են նաեւ թափոնների հավաքման գործում։ «Մարդկանց գիտակցության հետ կապված մի քիչ դժվարություններ կան։ Աղբը հաճախ չեն տեսակավորում կամ աղբամանի կողքն են գցում, ոչ թե աղբամանի մեջ։ Փորձում ենք տեղեկացնել, բացատրել, որ, օրինակ, թուղթը պիտի թղթի տեղում լցվի, թիթեղը՝ թիթեղի, որ հետո դրանք վերամշակվեն»,- պատմում է 12-րդ դասարանի աշակերտ Գագիկը։
Այն դասասենյակների սովորողները, որտեղ տեղադրված են կոլեկտորները, գոհ են, ասում են՝ դասարանները շատ տաք են, նույնիսկ երբեմն պատուհան են բացում։ Կարեւորում են նաեւ բնությանը վնաս չհասցնելու գործոնը։ Այս դասարաններում հիմնականում աղջիկներ են սովորում։ Կատակում են՝ տղաներն աղջիկների համար են ջեռուցման այս համակարգը պատրաստում։
«Հանրային իրազեկման եւ մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությունը դպրոցին նաեւ երեք արեւային ջրատաքացուցիչ է տրամադրել։ Խողովակների հետ կապված խնդիրներ կան, այժմ դրանք կարգավորվում են, ինչից հետո կօգտագործվեն նաեւ ջրատաքացուցիչները։
Տիկին Մելիքյանի կարծիքով՝ ծրագիրը շատ կարեւոր է երեխաների ինքնագիտակցությունը բարձրացնելու առումով․ երբ նրանք անձամբ մասնակցում են բնապահպանական կամ էներգախնայող նախագծի, նոր բաներ են սովորում, իրենց արածից ավելի են ոգեւորվում ու դա փորձում տարածել նաեւ շրջապատում։