«Չի կարելի ծաղրել միջազգային հանրությանը։ Միջազգային հանրությունը ձեզնից պատասխան է ուզում, չի ասում՝ ինչ պատասխան։ Նա իր անելիքը գիտի»։
«Իրականում, սակայն, Ղարաբաղի հակառակորդը միջազգային հանրությունն է, որին մենք, փաստորեն, ձեռնոց ենք նետել։ Չհասկանալ այս պարզ իրողությունը կնշանակի մեր ժողովրդին մատնել դաժան փորձությունների»։
«Պետք է իրատես լինել եւ հասկանալ, որ միջազգային հանրությունը երկար չի հանդուրժելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը, քանի որ այն սպառնում է տարածաշրջանային համագործակցությանն ու անվտանգությանը»։
Երեք մեջբերումներն էլ Լեւոն Տեր-Պետրոսյանից են․ առաջինը նա ասել է 28 տարի առաջ՝ 1993-ի հունիսի 14-ին, Ստեփանակերտում, երկրորդը գրել է 1997-ի նոյեմբերի 1-ին՝ 24 տարի առաջ, «Պատերա՞զմ թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածում, իսկ երրորդը ասել է 1998-ի հունվարի 8-ին՝ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում։
Տեր-Պետրոսյանն, իհարկե, միակը չէր, որ խոսում էր այս մասին։ Վերջին 20-25 տարիների ընթացքում այս ահազանգը հնչեցնողներ էլի են եղել։ Քիչ են եղել, բայց եղել են։ Զգուշացրել են, որ անհեռանկար, սադրիչ, սեփական հնարավորություններին անհամաչափ քայլերն աղետի են հանգեցնելու։ Ասել են, որ չպետք է անտեսվեն միջազգային հանրության պահանջներն ու առաջարկները։ Ասել են, որ պետք է լինել իրատես, հրաժարվել մաքսիմալիստական ծրագրերից, օր առաջ գնալ Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման ճանապարհով եւ խաղաղություն հաստատել տարածաշրջանում, ինչից, առաջին հերթին, Հայաստանն է շահելու։ Նրանց ձայնը, սակայն, չի լսվել, խլացել է ռազմահայրենասիրական աղմուկի մեջ։
Իսկ այժմ, երբ նախազգուշացված արհավիրքը փաստ է արդեն, երբ մեր ժողովուրդն արդեն մատնված է կանխատեսված դաժան փորձությանը, Փաշինյանը հայտնագործություն արածի ոգեւորությամբ նոյեմբերի 17-ին ԱԺ ամբիոնից ասում էր․
«Հնարավոր չէ միջազգային օրակարգի հարցերը վերցնել եւ չափել միայն սեփական արշինով։ Կարելի է անել դա, բայց դա հաջողություն չի բերի»։ Ապա՝ «Արցախի հարցում մենք չենք կարողացել բանակցային գործընթացի արդյունքում հաջողություն ունենալ, որովհետև մեր ընկալումները ընկալելի չեն եղել միջազգային հանրության համար»։
Փաշինյանը, որ միջազգային հանրությանն անտեսելու, ամենակոշտ ձեւակերպումներով նրանց ու նրանց տարիների աշխատանքը մերժելու գործն իր նիհիլիզմով ու իր կարճատեսությամբ, պոպուլիզմին տուրք տալով ամենաբարձր մակարդակի էր հասցրել, սկսում է գնահատել միջազգային հանրության վճռական դերը մեր ճակատագրում։ Սկսում է գիտակցել, որ մեր այսօրվա աղետի գլխավոր պատճառներից մեկը, եթե ոչ ամենագլխավոր պատճառը, մեր անպատասխանատու ու ամբարտավան վերաբերմունքն է, որ 20-25 տարի շարունակ ցուցաբերել ենք միջազգային հանրության նկատմամբ։
Իր սխալներից, ինչպես իր նախորդներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, նա, իհարկե, չի խոսում։ Չի էլ խոսելու։ Բայց իրականությանը բախվելով՝ ստիպված է ակնհայտն արձանագրել։
Լավ կլիներ, իհարկե, որ այս պարզ ճշմարտությունը նա հասկանար 2-3 տարի առաջ, երբ ձեռնոց էր նետում միջազգային հանրությանը, երբ ասում էր, թե նրանց 25 տարվա աշխատանքը չի ընդունում, պահանջում էր արված ամբողջ գործը մի կողմ դնել եւ սկսել իր թելադրած կետից, երբ անիրականանալի պայմաններ էր առաջ քաշում ու, փաստորեն, մերժում բանակցությունները։ Եթե ժամանակին հասկանար, ապա, անկասկած, կկանխվեր այն աղետը, որ կա այսօր։
44-օրյա պատերազմի ողջ ընթացքում միջազգային հանրությունը լուռ էր։ 44 օր շարունակ նրանք մեզ սպառնացող աղետը կանխելու ուղղությամբ ծանրակշիռ ոչ մի քայլ չեն արել։ Սա տարիների մեր ամբարտավանության պատասխանն էր։ Այն, ինչ նրանք 28 տարի շարունակ անմռունչ ու համբերատար հորդորում էին մեզ անել կամավոր եւ առանց արյունահեղության, 2020-ին վերջնականապես համոզվելով, որ անհույս ենք, թողեցին, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ իրականացնի պատերազմով։ Եվ մեղավոր չեն այստեղ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան եւ ո՛չ էլ միջազգային հանրությունը։ Մենք մեր ցանածն էինք հնձում։
Այսօր մեր առջեւ նոր՝ սահմանազատման ու սահմանագծման, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման առաջարկներն են դրված։ Ավելի քան լուրջ է սա։ Ճակատագրական վճիռներ պետք է կայացվեն։ Պատմությունը կրկնվում է։ Այս անգամ շատ ավելի մեծ արագությամբ։ Եթե մենք կրկին, ինչ-ինչ անձնական շահեր հաշվի առնելով, ինչպես եղավ 1998-ին, ինչ-ինչ անիրական ցանկություններ կյանքի կոչել փորձելով, ինչպես վարվել ենք վերջին 23 տարիների ընթացքում, ճիշտ չկողմնորոշվենք, ճիշտ հաշվարկ չանենք, վաղն ավելին ենք կորցնելու։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։