Կառավարության որոշմամբ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին կհատկացվի 400 միլիոն դրամ գումար՝ մարզային եւ համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաեւ բնակչության համար սոցիալական եւ կենսական նշանակություն ունեցող կարեւորագույն եւ հրատապ ծրագրեր իրականացնելու համար:
ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ մարզի հիմնախնդիրների լուծման համար 2021-ի ապրիլին հատկացվել էր 500 միլիոն դրամ, իսկ սեպտեմբերին` եւս 200 միլիոն դրամ՝ ընդհանուր՝ 1.1 միլիարդ դրամ:
Սանոսյանը նշել է նաեւ, որ այդ գումարի շրջանակում արդեն ձեռք է բերվել 3 ՈՒԱԶ ավտոմեքենա, որոնք տրամադրվել են Կապանի համայնքապետարանին` փակ ճանապարհների հետեւանքով առաջացող խնդիրների լուծման համար։ Կապան-Ճակատեն ճանապարհի փակ լինելը հիմք ընդունելով՝ նոյեմբերի 14-16-ը բնակչությանը տրամադրվել է 6.5 միլիոն դրամի վառելիք (13 տոննա դիզելային վառելիք եւ 1 միլիոն դրամի բնական գազ):
Սանոսյանն ընդգծել է, որ առաջիկայում նախատեսվում է նաեւ գնել 43 «սենդվիչ» պանելային շարժական տնակներ` 223.7 միլիոն դրամով (1 հատի արժեքը` շուրջ 5.2 միլիոն դրամ): Դրանք կտրամադրվեն ՊՆ-ին, ԱԱԾ-ին, ԱԻՆ փրկարար ծառայությանը, ոստիկանության Սյունիքի մարզային վարչությանը։
ՏԿԵ նախարարն ասել է, որ Շուռնուխում փոխհատուցվել են անասունների հետ կապված ծախսերը, լուծվում են քաղաքացիների բնակարանների փոխհատուցման, նաեւ Սյունիքի շենք-շինություններին առնչվող կրթական–մշակութային տարբեր հարցեր։
Սյունիքում շրջանցիկ ճանապարհների շինարարությանն առնչվող որոշ ծախսեր եւս իրականացվում են այս գումարի շրջանակում։