ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում եւ հետեւում հրադադարի պահպանման ռեժիմին Արցախի եւ ԼՂ սահմանազատման ամբողջ երկայնքով 27 դիտակետերում:
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վլադիմիր Պորտնովը նշել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը ԼՂ-ի տարածքում տարբեր խնդիրներ է կատարում, ինչպես, օրինակ` հրադադարի պահպանման ռեժիմի վերահսկում, մարդասիրական շարասյուների ուղեկցում, քաղաքացիների անվտանգության ապահովում գյուղատնտեսական աշխատանքների կատարման ժամանակ, ԼՂ տարածքի ականազերծում, ինչպես նաեւ քաղաքացիական բնակչության մարդասիրական աջակցություն:
Նա ընդգծել է, որ «անհանգիստ շրջաններում ռուս խաղաղապահների կողմից կայունության պահպանման գործողություններն ու հակամարտող կողմերի ագրեսիայի զսպումը թույլ են տալիս կանխել լայնածավալ մարտական գործողություններն ու բազմաթիվ կյանքեր են փրկում»։
Միայն նոյեմբերի ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են Լաչինի միջանցքով հյուսիսային եւ հարավային ուղղությամբ շուրջ 80 մեքենաների շարասյուների անվտանգ անցումը։ Խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող վանքեր եւ մշակութային ժառանգության օբյեկտներ են ուղեկցել մոտ 500 ուխտավորների։
Ռուսական խաղաղապահ զորակազմի մոբիլ խմբերը հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկման եւ իրավիճակի մշտադիտարկման նպատակով սահմանազատման գծի համաձայնեցված երթուղիներում իրականացրել են պարեկություն, շուրջ 70 անգամ խմբերը մեկնել են գյուղեր`գյուղատնտեսական եւ վերանորոգման աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար։ Բացի դրանից՝ ջրամատակարարմամբ է ապահովվել Ստեփանակերտի, Ճարտարի, Բադարայի, Այգեստանի, Մաճկալաշենի բնակչությունը։
Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի ներկայացուցիչները բարեգործական կազմակերպությունների մասնակցությամբ 8 մարդասիրական ակցիա են իրականացրել՝ հարկադիր տեղահանվածներին եւ կարիքավոր ընտանիքներին ավելի քան 10 տոննա մարդասիրական օգնություն փոխանցելով։
Ինժեներա-սակրավորային ստորաբաժանումների մասնագետներն այսօրվա դրությամբ ստուգել են 1937 շենք, մաքրել 683 կմ ճանապարհահատված եւ 2319 հա տարածք, հայտնաբերել եւ ոչնչացրել են 26 076 պայթյունավտանգ առարկա։
Խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատի բժիշկները մասնագիտական օգնություն են ցուցաբերել ավելի քան 800 բնակիչների։
Ներկա պահին ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովված են անհրաժեշտ բոլոր պայմաններով`հարմարավետ բնակության եւ հատուկ խաղաղապահ խնդիրների կատարման համար։ Խաղաղապահ զորախմբի անձնակազմը համալրված է գերժամանակակից սպառազինությամբ, ռազմական եւ հատուկ տեխնիկայով, մասնավորապես ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով, «Տիգր» եւ «Թայֆուն» զրահապատ մեքենաներով։
Խաղաղապահ զորախումբը բաղկացած է միայն պայմանագրային զինծառայողներից, որոնք հատուկ պատրաստություն են անցել խնդիրների կատարման համար։ Խաղաղապահների մեծ մասը Սիրիայում մարդասիրական գործողությունների ապահովման խնդիրների կատարման փորձ ունի։
Նրանց հանձնարարվում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին տեղեկությունների հավաքում, այդ տեղեկությունների օպերատիվ փոխանցում խաղաղապահ ուժերի հրամանատարությանը, ինչպես նաեւ տարանցիկ տրանսպորտի անվտանգ երթեւեկության աջակցում եւ խաղաղ բնակչության նկատմամբ հակաիրավական գործողությունների կանխում։