ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցելու Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։
Զախարովան հաստատել է, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին Երեւանի ու Անկարայի միջեւ հարաբերություների հաստատման հարցում միջնորդություն ցուցաբերելու խնդրանքով։
«Ռուսաստանը շահագրգռված է եւ ջանքեր է գործադրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։ Մեր երկիրը պատրաստ է հետագայում եւս դրան ամեն կերպ աջակցելու։ Այս գործընթացը սկսելը, անկասկած, կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր կարգավորմանը եւ բարիդրացիության, վստահության մթնոլորտի ձեւավորմանը, ինչը հիմա ավելի քան արդիական է»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն օրերս հայտնել էր, որ ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում հայկական կողմը տեղեկացրել է, որ պատրաստ է գնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման:
Ամերիկյան The Washington Post պարբերականում նշանավոր թուրք վերլուծաբան Ասլի Այդինտասբասն ավելի վաղ մեջբերել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքը, ըստ որի՝ Անկարան «պատրաստ է կարգավորելու Հայաստանի հետ հարաբերությունները»:
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն, ըստ Այդինտասբասի, Էրդողանի ժեստը կլիներ Վաշինգտոնին: Ջո Բայդենն ավտորիտար առաջնորդների հանդեպ թուլություն ունեցող Դոնալդ Թրամփը չէ, որ Թուրքիայի՝ ամերիկյան շահերին հակասող գործողությունների վրա աչք փակի: