ՀՀ Կառավարության որոշմամբ Արցախին կտրամադրվի 13.5 միլիարդ դրամ: Նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրել 12 միլիարդ ՀՀ դրամ գումարի չափով միջպետական վարկ եւ 1,5 միլիարդ դրամ՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա։ Միջպետական վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001% տոկոսադրույքով՝ մինչեւ 2025-ի հունվարի 1-ը մարման ժամկետով։
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ Արցախի Հանրապետությանը Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հատկացվող օժանդակությունը կտրամադրվի Արցախի բնակչության՝ նոյեմբերի էլեկտրաէներգիայի, գազամատակարարման եւ կապի ծառայությունների, ինչպես նաեւ 2021-ի պետական բյուջեով նախատեսված նոյեմբերի աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության, սոցիալական եւ կրթության ծրագրերի ծախսերի ֆինանսավորման համար: Նախարարը նշել է, որ տարեսկզբից մինչ օրս Արցախին է փոխանցվել ավելի քան 199 միլիարդ դրամի աջակցություն: