ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման լավ հեռանկարներ է տեսնում։
Զախարովան նշել է, որ Մոսկվան հանդես է գալիս 2020-ի նոյեմբերի 9-ին եւ 2021-ի հունվարի 11-ին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների հետեւողական իրականացման օգտին: Դրանք վերաբերում են նաեւ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը։ Այդ խնդրով զբաղվում է եռակողմ աշխատանքային խումբը՝ երեք երկրների փոխվարչապետների նախագահությամբ։
«Մենք տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման լավ հեռանկարներ ենք տեսնում՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերի հավասարակշռությունը։ Մենք նաեւ ելնում ենք նրանից, որ ապաշրջափակված երթուղիներով միջազգային փոխադրումներն իրականացվելու են միջազգային համաձայնագրերի եւ կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության հիման վրա»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Մեկնաբանությունները ՌԴ նախագահի վարչակազմի իրավասությունն են
Պատասխանելով նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցին՝ Մարիա Զախարովան նշել է, որ ռուսական կողմի ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրատնտեսական եւ տրանսպորտային ուղիների վերականգնման ու զարգացման վրա:
Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ բարձր մակարդակի հանդիպումների վերաբերյալ մեկնաբանությունները ՌԴ նախագահի վարչակազմի իրավասությունն են:
«Ձեռնարկում ենք բոլոր հնարավոր քայլերը՝ կայունության ամրապնդման, հիշյալ տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման համար։ Իհարկե, հատուկ ուշադրություն է դարձվում նաեւ առեւտրատնտեսական եւ տրանսպորտային ուղիների վերականգնմանն ու զարգացմանը»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովան հայտնել է նաեւ, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում կմասնակցի ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի 28-րդ նիստին: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։