Ըստ ռուսական senatinform.ru կայքի՝ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր խնդիրն է այնպես իրականացնել սահմանների սահմանագծումը, որ կողմերից որեւէ մեկը ցանկություն չունենա վերսկսելու ռազմական գործողությունները:
Վալենտինա Մատվիենկոն նշել է, որ Ռուսաստանն իր օգնությունն է առաջարկել՝ հաշվի առնելով, որ խորհրդային շրջանի քարտեզները միայն ՌԴ պաշտպանության նախարարությունում են պահպանվում: Դրանք, ըստ Մատվիենկոյի, ճշտված են եւ սահմանում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ճշգրիտ սահմանները:
«Կարելի է վստահորեն բանակցություններ վարել այդ քարտեզների հիման վրա, եւ Հայաստանը, Ադրբեջանը սատարում են այդ մոտեցմանը: Ըմբռնում եւ համաձայնություն կա, բայց գործընթացը դանդաղ է առաջ շարժվում: Այդ պատճառով լարվածությունը շարունակում է պահպանվել»,- ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը:
Մատվիենկոն ընդգծել է, թե Ռուսաստանը շահագրգռված է, որ Անդրկովկասը լինի խաղաղ, կայուն, եւ մարդիկ խաղաղ ապրեն, եւ կանի անհրաժեշտ ամենը դրա համար: