Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստիի»՝ Երեւանի եւ Հայաստանի արքեպիսկոպոս Լեոնիդ Կլինսկին հայտնել է, թե հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումը չի խանգարել Ռուսական ուղղափառ եկեղեցու Երեւանյան թեմի կազմակերպման ծրագրերի իրականացմանը։
«Ռուսական ուղղափառ եկեղեցու նախատեսված ծրագրերի, նպատակների, խնդիրների եւ նորաստեղծ թեմի կենսագործունեության ապահովման իրականացմանը ոչինչ չի խանգարի»,– ասել է Լեոնիդ արքեպիսկոպոսը։
Նա ընդգծել է, որ ՌՈՒԵ–ն պատմականորեն բարի հարաբերություններով է կապված Հայ առաքելական եկեղեցու հետ։
Արքեպիսկոպոսը շեշտել է, որ Հայաստանում Ռուսական ուղղափառ եկեղեցու` Երեւանահայկական թեմի վարչատնտեսական միավորի գրանցման եզրափակիչ փուլում են։ «Տեխնիկական ուշացումները չեն ազդի թեմի, նրա ստորաբաժանումների եւ ծառայությունների, ծխական համայնքների գործունեության վրա։ Թեմական վարչությունը, հովվապետի գլխավորությամբ, Երեւանում է լինելու»,- հավելել է արքեպիսկոպոսը։
Ռուսական ուղղափառ եկեղեցու սինոդը դեռեւս հոկտեմբերի 15-ին որոշում է ընդունել Հայաստանի տարածքում թեմ ստեղծելու մասին։ Որոշումն ընդունվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ համաձայնեցնելուց հետո։ Երեւանահայկական թեմի կառավարող հովվապետ է ընտրվել արքեպիսկոպոս Լեոնիդ Կլինսկին։ Լեոնիդը կշարունակի զբաղեցնել նաեւ Արտաքին եկեղեցական կապերի բաժնի փոխնախագահի պաշտոնը։ «Նորաստեղծ թեմի առաջնորդը կունենա «Երեւանի եւ Հայոց» տիտղոս, եպիսկոպոսաց նստավայրը կլինի Երեւանում»,- հայտնել է Մոսկվայի պատրիարքարանի հասարակության եւ ԶԼՄ-ների հետ կապի բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդան։