ՉԺՀ արտգործնախարար Վան Ին ԻԻՀ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ տեսակապով զրույցի ժամանակ հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է Իրանի հետ համատեղ դիմակայելու միակողմանի գործողությունների եւ հետապնդման քաղաքականությանը, ինչպես նաեւ պաշտպանելու ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը:
«Չինաստանը մտադիր չէ արտահանել զարգացման իր մոդելը, բայց հույս ունի օրինակ դառնալու Իրանի պես երկրների համար, որոնք ցանկանում են արագացնել զարգացումը եւ դրա հետ մեկտեղ պահպանել անկախությունը»,- ընդգծել է Վան Ին:
Նա նշել է, որ Չինաստանը գնահատում է Իրանի աջակցությունը ՉԺՀ նախագահ Սի Ծինպինի առաջ քաշած համապարփակ զարգացման նախաձեռնությանը, պատրաստ է Իրանի հետ աշխատելու երկու երկրների համակողմանի համագործակցության ծրագրի իրագործման վրա եւ նպաստելու ռազմավարական գործընկերության առաջընթացին: «Չինաստանի կառավարությունը որոշել Է Իրանին փոխանցել պատվաստանյութերի եւս մեկ խմբաքանակ՝ իրանցի ժողովրդին իր բարեկամությունն արտահայտելու համար»,- նշել է նախարարը: