Ըստ «Սպուտնիկ Ադրբեջանի»՝ Բաքուն հայկական կողմին է փոխանցել ՀՀ երկու քաղաքացու։ Նրանցից մեկը նոյեմբերի 16-ի մարտերի ժամանակ վիրավորված եւ գերեվարված Արին Արամյանն է, մյուսը՝ Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի 21-ամյա բնակիչ Միհրան Մուսայելյանը: Վերջինս մոլորվել եւ անցել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածք։
Լուրը հաստատել է գերիների, անհայտ կորածների եւ պատանդների հարցերով պետական հանձնաժողովը:
ՀՀ ՊՆ-ն եւս հաստատեց
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատեց. Հայաստանին փոխանցված՝ նոյեմբերի 16-ին գերեվարված քաղաքացիներն են Միհրան Էռնեստի Մուսայելյանը (ծնվ. 2000 թ.) եւ Արեն Ժիրայրի Արամյանը (ծնվ. 1993 թ.):
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ նոյեմբերի 16–ի մարտական գործողությունների հետեւանքով թշնամին ունի մինչեւ 70 զոհված եւ վիրավոր (ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց իր 7 զոհի մասին), հայկական կողմը՝ 1 զոհ (1991 թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյանը) եւ 13 գերի։ Եվս 24 հայ զինծառայողների հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, եւ նրանց ճակատագիրն առ այսօր անհայտ է։