Միջազգային հանրահայտ ավիացիոն «Simple Flying» պորտալը Հայաստանի նորաստեղծ «Flyone Armenia» ավիաընկերությանը ներկայացրել է որպես շաբաթվա ստարտափ։ Պորտալն անդրադարձել է Հայաստանի ամենաերիտասարդ ավիաընկերության ստեղծման պատմությանը, ներկայացրել առաջիկայում սպասվող չվերթերը: Միջազգային պորտալը նշել է, որ ավիաընկերության ստեղծումը նշանավորվում է 60 միլիոն եվրոյի ներդրմամբ եւ 135 աշխատատեղերի ստեղծմամբ, ինչը կարեւոր թիվ է պետության համար եւ հզոր ազդակ՝ զարգացնելու երկրի ավիացիոն հավակնոտ ոլորտը։
Ազգային օպերատոր «Flyone Armenia» ավիաընկերությունը 2021-ի նոյեմբերի 12-ին եւ 15-ին ստացել է Ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) եւ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) նույնականացման ծածկագրերը:
Ավիաընկերության Airbus A320 ընտանիքի ինքնաթիռները նախատեսված են 180 նստատեղի համար եւ համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) եւ «EASA Security»-ի բոլոր չափանիշներին:
«Flyone Armenia» ավիաընկերությունն առաջիկայում կսկսի չվերթերը 8 ուղղություններով: Ընկերությունը հայտնել է այդ ուղղություններով մատչելի ավիատոմսերի վաճառքը սկսելու մասին:
Առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 15-ին դեպի Մոսկվա՝ «Վնուկովո» միջազգային օդանավակայան: Տոմսերի գները կսկսվեն 39 եվրոյից, իսկ «Flyone club»-ի անդամների համար՝ 34 եվրոյից։ Նախատեսված են թռիչքներ Երեւան-Լիոն, Երեւան-Թեհրան, Երեւան-Թբիլիսի, Երեւան-Քութաիս, Երեւան-Ստամբուլ, Երեւան-Թել Ավիվ, Երեւան-Կրասնոդար ուղղություններով: