Ըստ աֆղանական «Ariana News» գործակալության՝ Աֆղանստանի բնակչուհի Շարբաթ Գուլան, որի դեմքը 1980-ականներին աշխարհում հայտնի դարձավ National Geographic հանդեսի շապիկի լուսանկարի շնորհիվ, ներկայում հաստատվել է Իտալիայում: Նրան այս տարվա օգոստոսին տարհանել են Եվրոպա՝ թալիբների՝ Աֆղանստանում իշխանությունը զավթելուց հետո:
Գործակալությունը, հղում անելով Հռոմում Իտալիայի Հանրապետության կառավարության պաշտոնական նստավայրին՝ Պալացցո Կիջիին, հայտնել է, որ 48-ամյա կնոջը Իտալիա են տեղափոխել աֆղանստանցի փախստականների օգնության եւ նրանց ինտեգրման ծրագրի շրջանակում: Գուլան այրի է, նրա 4 դուստրերից մեկը մահացել է։
Ամերիկացի լուսանկարիչ Սթիվ Մըքքարին Գուլային լուսանկարել է 1985-ին, երբ նա 12 տարեկան էր: Կանաչ արտահայտիչ աչքերով աղջնակին լուսանկարիչը հայտնաբերել էր աֆղանա-պակիստանյան սահմանին՝ փախստականների ճամբարում: Շարբաթ Գուլան որբացել էր իր գյուղի վրա հարձակման հետեւանքով:
Նշենք, որ Գուլայի՝ National Geogaphic-ի արխիվներից հանված լուսանկարը 2012-ին աճուրդում վաճառվել էր 178,9 հազար դոլարով: