Բենզինի եւ դիզվառելիքի շուկայում վերջին շրջանում իրար հաջորդած իրադարձությունները հիմք են տալիս ենթադրելու, որ այս ոլորտում գնաճն ամենեւին էլ բնական չէ, այլ միգուցե փոխպայմանավորվածությունների արդյունք է:
Արդեն տեւական ժամանակ է՝ հայաստանյան բենզալցակայաններում «Ռեգուլյար» բենզինի մեկ լիտրի արժեքը հասել է 520 դրամի, «պրեմիում» տեսակը՝ 540 դրամի, դիզվառելիքն էլ վաճառվում է լիտրը 500 դրամով: Սա թերեւս աննախադեպ երեւույթ է, քանի որ Հայաստանում ո՛չ բենզինը, ո՛չ դիզվառելիքը նախկինում նման բարձր գնով չեն վաճառվել:
Մինչ այդ նախ այն մասին, թե ինչ իրավիճակ է բենզինի շուկայում:
Ըստ էության՝ Հյաստանում ազատականացվել է բենզինի շուկան, եւ մուտք են գործել նոր տնտեսվարողեր։ Ըստ ՊԵԿ-ի՝ այս տարի Հայաստան բենզին է ներկրել 15 կազմակերպություն, մինչդեռ 2017 թվականին նրանց թիվը մեկ այլ պաշտոնական աղբյուրի՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տվյալներով 4-ն էր: Ենթադրվում է՝ որ խաղացողների մուտքը վառելիքի շուկա իր հերթին պետք է հանգեցներ մրցակցության, ըստ այդմ՝ նաեւ գների անկման:
Բացի այդ՝ Հայաստանում գնալով արժեւորվում է դրամը: Տրամաբանական է, որ դոլարի փոխարժեքի նվազումը պետք է հանգեցներ ներկրվող ապրանքների գների իջեցման:
Եվ վերջապես, միջազգային շուկայում սկսել են նվազել նավթի գները: Ճիշտ է, առայժմ այդ անկումը մեծ չէ, բայց նկատվում է գնանկման տենդենց. մի քանի օր առաջ մեկ բարել նավթի գինը 85.7 դոլար էր, այժմ 80.9 դոլարի սահմաններում է:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, համադրելով այս հանգամանքները, կարծում է, որ բենզինի գնի վրա ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ազդում է օլիգարխիկ համակարգը, որ շարունակում է գերշահույթներ ստանալ:
«Ալիք Մեդիայի» հետ զրույցում նա համեմատականներ անցկացրեց հարեւան Վրաստանում վառելիքի վաճառքի գների հետ: «Ներկայում մեզանում բենզինի գինը բենզալցակայաններում 520 դրամ է, իսկ դիզելի գինը՝ 500 դրամ։ Համեմատության համար նշեմ, որ Վրաստանում բենզինի գինը 480 դրամ է, 40 դրամ ավելի էժան, եւ սա այն դեպքում, երբ 2021 թվականի հուլիսից սկսած՝ մեր երկրում դրամն արժեւորվել է 10 տոկոսով, այսինքն՝ դոլարի փոխարժեքը նվազել է: Ակնհայտ է, որ բենզինի գնի վրա ինչպես նախկինում, այնպես էլ հիմա բենզինի շուկայում գործող օլիգարխիկ համակարգը շարունակում է գերշահույթներ ստանալ, ինչի վրա աչք է փակում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Տարիներ շարունակ այս շուկայում վարվում է միասնական գնային քաղաքականություն, նույնիսկ իշխանությունների հետ կապված նոր տնտեսվարողի մուտքը այս շուկա չնպաստեց մրցակցության բարելավմանը, ուղղակի շուկան բաժանվեց խոշոր ընկերությունների միջեւ»,- նշեց նա։
Խոսելով վառելիքի շուկայում գնաճի հետեւանքների մասին՝ տնտեսագետը մատնանշեց տարբեր ոլորտներում գնաճը. «Բենզինի, դիզելային վառելիքի գներն ուղղակի ազդում են Հայաստանում արտադրվող ապրանքների գների վրա, եւ պատահական չէ, որ 2021 թվականի հունվար-հոկտեմբերին ապրանքների գներն աճել են 6,9 տոկոսով։ Պաշտոնական վիճակագրությամբ՝ հոկտեմբերին նախորդ տարվա համեմատ այս վառելիքի գներն աճել են 43-44 տոկոսով»:
Այսքանից հետո Պարսյանը համոզված է. «Նման տնտեսական համակարգ ունեցող երկիրը չի կարող մարտունակ լինել»:
Մինչ այդ մի փոքր վիճակագրություն. գնալով աճել են Հայաստան վառելիքի ներկրումների ծավալները:
«Ալիք Մեդիայի» հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ից տեղեկացրել են, որ 2017-ին Հայաստան է ներկրվել 142 հազար 213 տոննա բենզին՝ 45 մլն 697 հազար դրամ մաքսային արժեքով:
Ըստ ՊԵԿ-ի՝ 2018 թվականին ներկրվել է 138 հազար 553 տոննա բենզին՝ 53 մլն 53 հազար դրամ մաքսային արժեքով: 2019-ին՝ 175 հազար 464 տոննա բենզին՝ 59 մլն 163 հազար դրամ մաքսային արժեքով: Իսկ 2020-ին ներմուծվել է 221 հազար 235 տոննա՝ 52 մլն 892 հազար դրամ մաքսային արժեքով:
Եվ վերջապես, այս տարվա առաջին 9 ամիսներին ներմուծվել է 161 հազար 635 տոննա բենզին, ինչը 9 հազար 271 տոննայով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներկրվածից:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: