Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում Անգելա Մերկելին կփոխարինի խորհրդարանի (Բունդեսթագի) սեպտեմբերյան ընտրություններում հաղթած Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Օլաֆ Շոլցը։
Գերմանիայում սոցիալ-դեմոկրատները նոր կառավարությունում կստանձնեն յոթ, այդ թվում ներքին գործերի եւ պաշտպանության նախարարների պաշտոնները։ «Կանաչներին» նոր կառավարության կազմում հինգ նախարարական պորտֆել է հատկացվել։
Արտգործնախարարի պաշտոնը կստանձնի «Կանաչների» առաջնորդ Աննալենա Բերբոկը՝ դառնալով գերմանական դիվանագիտության առաջին կին ղեկավարը։
Ըստ գերմանական լրատվամիջոցների՝ Գերմանիայի գյուղատնտեսության նոր նախարար է նշանակվելու Բունդեսթագի պատգամավոր, «Կանաչների» կուսակցության ներկայացուցիչ, ծագումով թուրք Ջեմ Օզդեմիրը։
Թուրքիայից Գերմանիա գաղթած եւ Գերմանիայում՝ թուրք-չերքեզական ընտանիքում ծնված Ջեմ Օզդեմիրը, որն իրեն աշխարհիկ մահմեդական է համարում, 2015-ին Բունդեսթագում քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի օգտին:
Օզդեմիրը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար 2017-ին պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով: