Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «Զինծառայողների կարգավիճակի մասին» Ադրբեջանի ՊՆ-ի առաջարկած նոր օրինագծով ադրբեջանցի զինվորներին կարգելվի սոցցանցերում տեղեկություն տարածել։
Ադրբեջանական բանակից արդեն իսկ հեռացրել են նոյեմբերի 16-ին Սյունիքից սոցցանցում լուսանկարներ տեղադրած զինծառայողներին: Նրանց գաղտնիության ռեժիմը խախտելու մեղադրանք է առաջադրվել։
Հայ իրավապաշտպաններն ու հատուկ ծառայությունները սոցցանցերից հայտնաբերում եւ պահպանում են ադրբեջանցիների այն տեսանյութերն ու լուսանկարները, որտեղ ակամա արձանագրված է հայ զինվորների գերեվարումը կամ սպանությունը։
Իրավապաշտպաններն այդպիսով տեղեկություն են ստացել 44-օրյա պատերազմի ժամանակ տասնյակ գերեվարվածների մասին, որոնց պահման փաստը Բաքուն չէր ընդունում։
Բացի դրանից՝ համացանցում գերիների նկատմամբ խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ տեսարաններ կան, որոնք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղարկում է տարբեր միջազգային կազմակերպությունների։