Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը ԵՄ-ին առաջարկել է դադարեցնել ավիահաղորդակցությունն Աֆրիկայի հարավային մասի երկրների հետ կորոնավիրուսի նոր՝ B.1.1.529 շտամի տարածման պատճաով: Հանձնաժողովը Եվրամիության անդամ 27 պետություններին հորդորել է հնարավորինս արագ իրագործել այդ որոշումը:
Եվրամիության նախկին անդամ Մեծ Բրիտանիան արդեն ժամանակավոր դադարեցրել է օդային կապը հարավաֆրիկյան վեց պետությունների հետ՝ այդ տարածաշրջանից վերադարձող բրիտանացիներին հորդորելով կամավոր ինքնամեկուսանալ:
Բոտսվանայում նոր շտամի հայտնաբերման պատճառով Իսրայելը եւս հայտարարել է Հարավային Աֆրիկայի երկրներ թռիչքների դադարեցման մասին:
Դրա հայտնաբերումը բացասական ազդեցություն է գործել Ասիայի տնտեսական շուկայի վրա եւ հանգեցրել է նավթի 30 տոկոսի գնանկման:
Գիտնականները դեռ չեն պարզել այս շաբաթ առաջին անգամ գրանցված կորոնավիրուսի հարավաֆրիկյան նոր շտամի վտանգավորության աստիճանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոյեմբերի 26-ին հատուկ հանդիպում կանցկացնի Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսի B.1.1.529 նոր շտամի տարածումը կանխելու թեմայով:
ԱՀԿ արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկհովեն ասել է, թե հետեւում են տասնյակ մուտացիաների ենթարկված նոր տարբերակին եւ քննարկելու են դրանց վրա պատվաստանյութերի ազդեցության արդյունավետությունը:
Վան Կերկհովեն ընդգծել է, թե դեռ բավարար տեղեկություն չունեն նոր շտամի մասին: Հասանելի է 100-ից պակաս լրիվ գենետիկական հաջորդականություն: Հայտնի է նաեւ, որ այդ շտամը բազմաթիվ մուտացիաների է ենթարկվել: Նա նշել է, որ վիրուսի էվոլյուցիայի հարցերով զբաղվող խումբը կքննարկի, թե որքանով է վտանգավոր կորոնավիրուսի այս տարբերակը: Եթե հետազոտության տվյալները անհանգստացնող լինեն, շտամին հունական այբուբենի տառի անվանում կտրվի:
ԱՀԿ վերջին տվյալներով՝ ամբողջ աշխարհում հաշվվում է ավելի քան 259 միլիոն ախտահարված, հինգ միլիոնից ավելի հիվանդների չի հաջողվել փրկել: Առավել բարդ իրադրություն է ստեղծվել ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում եւ Ռուսաստանում: