Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Սոչիում այսօր տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն են տարածել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Սոչիում նոյեմբերի 26-ին ընդունված եռակողմ հայտարարությունում ավելի մանրամասն շարադրված է այն ամենը, ինչի մասին իրենք պայմանավորվել են։
«Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Գ. Ալիեւը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինը, 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում հանդիպեցինք եւ քննարկեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների մասին, ինչպես նաեւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունը տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային բոլոր ուղիների ապաշրջափակման մասին։
Վերահաստատել ենք մեր հանձնառությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանման ու հետագա հետեւողական իրականացման՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման։ Պայմանավորվել ենք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների հնարավորինս շուտափույթ լուծմանը։
Արձանագրել ենք ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարեւոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման եւ անվտանգության ապահովման գործում։
Պայմանավորվել ենք քայլեր ձեռնարկել հայ–ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ՝ հետագայում կողմերի խնդրանքով Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ սահմանազատում իրականացնելու նպատակով։
Բարձր ենք գնահատել 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությամբ ստեղծված Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների եւ ՌԴ փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, որը ստեղծվել է տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային բոլոր ուղիների ապաշրջափակման նպատակով։ Ընդգծել ենք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու ուղղությամբ կոնկրետ նախագծերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։
Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն` Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորման, ինչպես նաեւ տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման շահերով պայմանավորված»:
Վերոնշյալ հռչակագրային հայտարարությունից բացի՝ մյուս շաբաթ Մոսկվայում փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանդիպման ժամանակ կհրապարակվի հաղորդակցությունների, ապաշրջափակման մասին որոշումը: