Անրի Վարթանովը ԱՄՆ Քոլումբիա համալսարանի կինոգիտության մագիստրոս է: Տեւական ժամանակ զբաղվում է «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր, ռեժիսոր Համո Բեկնազարյանի «Երկրորդ քարավան» անավարտ ֆիլմի հետազոտությամբ: Ուսումնասիրության եզրակացությունները նա ներկայացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի կազմակերպած գիտաժողովում:
Երբ սկսել է հետաքրքրվել կովկասյան ֆիլմերով, առաջինը նրան գրավել է Համո Բեկնազարյանի կինոժառանգությունը: «Ռեժիսորը հայկական կինեմատոգրաֆի հսկաներից է: Սկսեցի ուսումնասիրել կինոարխիվը, եւ «Երկրորդ քարավան»-ն ինձ առեղծված թվաց: Ուզում էի գաղտնիքը բացահայտել. նախագիծն այդպես սկսվեց»,- ասում է Անրի Վարթանովը:
1950 թվականին «Մոսֆիլմ»-ի տաղավարում «Մեծ հայրենադարձության» մասին պատմող գեղարվեստական ֆիլմի վերջին տեսարաններն էին նկարահանվում, երբ հնչեց դադարի հրամանը: Ինչո՞ւ եւ ո՞վ արգելեց նկարահանումները: Այս հարցերի պատասխանները գտնելու համար Անրի Վարթանովը մեծ ծավալի արխիվային նյութ է ուսումնասիրել, Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում գտել է անավարտ ֆիլմի սցենարը:
Ուսումնասիրություններն անելու համար դիմել է «Fulbright» դրամաշնորհային ծրագրին, ներկայացրել է նախագծի առաջարկը, ստացել դրամաշնորհն ու մեկնել Մոսկվա: «Երկու շաբաթ անցկացրի այնտեղ, բոլոր հնարավոր արխիվներում եղա՝ Կինոյի պետական, Գրականության եւ արվեստի եւ «Գոսֆիլմոֆոնդ» արխիվներում։ Այնտեղ է «Հայֆիլմ»-ի ստեղծագործական ողջ արտադրանքը»,- ասում է Անրին:
Հետպատերազմյան երկրի տնտեսական, ժողովրդագրական ճգնաժամը հաղթահարելու նպատակով խորհրդային ղեկավարությունը կազմակերպեց շուրջ 90000 սփյուռքահայերի հայրենադարձությունը: Հայրենիքի երազով եկածներն ի վերջո բախվեցին կոմունիստական ռեժիմի քմահաճույքներին՝ դառնալով անցանկալի ու ավելորդ: Երբ վերջին նավը՝ 162 ամերիկահայերով, մտավորականներով, արհեստավորներով, հասավ Երեւան, դրանից անմիջապես հետո հայրենադարձության թեման փակվեց: Ըստ կինոգետի՝ ֆիլմն էկրան բարձրացնելն արդեն անտեղի էր:
Անրիի ուսումնասիրության համաձայն՝ Ստալինը չէր հավանել ֆիլմի անվանումը, իհարկե փակման պատճառը միայն դա չէր: Համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ Խորհրդային Հայաստանում ֆիլմ էր նկարահանվում ներգաղթող սփյուռքահայերի մասին: Այն մարդկանց, որոնք տասնամյակներ առաջ բռնի տեղահանվել էին իրենց պատմական հայրենիքից: Լռության մատնված եղեռնի թեման կինոլեզվով հանրայնացնելը Ստալինն անթույլատրելի էր համարում: Խորհրդային Միությունը չէր պատրաստվում հարաբերությունները փչացնելու Թուրքիայի հետ:
Ի վերջո ֆիլմը տարբեր պատճառաբանություններով արգելվում է: Անրի Վարթանովն ասում է՝ 1948 թվականին նամակագրություն է եղել մշակույթի նախարարության եւ Երեւանի կինոստուդիայի միջեւ: Երեւանի կինոստուդիային հիմնականում քննադատում էին սյուժեի, երկխոսությունների, գաղափարի պարզունակության համար, այս ամենը վերագրում էին Բեկնազարյանին: Կինոգետը մեկ այլ պատճառ է բերում. սցենարի հեղինակի՝ Կոնստանտին Սիմոնովի ու Բեկնազարյանի ստեղծագործական անհամաձայնությունները։ Ստալինյան մրցանակի վեցակի դափնեկիր Սիմոնովի խոսքն, ամեն դեպքում, վճռորոշ եղավ:
Ֆիլմն արդեն 70 տարի Մոսկվայի պետական կինոարխիվում է: Ազգային կինոկենտրոնի ու Անրի Վարթանովի մտադրությունները՝ ձեռք բերել 70 րոպե տեւողությամբ նեգատիվը, վերականգնել ու թվայնացնել, համընկնում են: Բարդ գործընթաց են նաեւ երաժշտական պարտիտուրա ավելացնելն ու թվայնացնելը:
«Հսկայական աշխատանք է առաջին հերթին հիմնադրամներին ներգրավելը, դրամաշնորհների պետք է դիմենք: Ժապավեններն այնքան են հնացել, որ տեխնիկական վերականգնման լուրջ աշխատանքներ են պահանջվում: Նպատակ ունենք ֆիլմը հնարավորինս ամբողջական տարբերակով ներկայացնելու հանրությանը: Ենթագրեր պետք է դնենք, որ հասկանալի լինի ֆիլմի էությունը, չկա հնչյուն, համր կադրեր են: Նոր երաժշտություն պետք է գրվի, պետք է աշխատենք նոր կոմպոզիտորի հետ։ Այն արխիվային նյութերը, որ Տիգրան Պասկեւիչյանն ու Սաթենիկ Ֆարամազյանը գտել են իրենց «Դարձ ի շրջանս յուր» վավերագրական ֆիլմաշարի համար, պետք է համադրենք ֆիլմի հետ»,- ասում է կինոգետը:
«Երկրորդ քարավանը» դարձավ Բեկնազարյանի վերջին հայկական ֆիլմը, ռեժիսորը լքեց Հայաստանը, իր հիմնած «Հայֆիլմն» ու մեկնեց Տաջիկստան՝ Դուշանբե, եւ ֆիլմարտադրությունն այնտեղ նոր որակի բարձրացրեց:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։