Քաղհասարակությանը շարունակում է մտահոգել Երեւանի էկոլոգիական վատթար վիճակը: Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարություն է տարածել՝ պահանջելով զերծ մնալ Երեւանում նոր հանքարդյունաբերական նախագծերի, արդյունաբերական ձեռնարկությունների, ինչպես նաեւ շինարարական խոշոր ու կետային ռիսկային կառուցապատման նախագծերի կազմումից:
Հայտարարության հեղինակները մատնանշել են հանքարդյունաբերական ձեռնարկություններով ու շինարարական նախագծերով Երեւան քաղաքի չափազանց ծանրաբեռնվածությունը, Երեւանի օդային ավազանի աղտոտվածության բարձր մակարդակի վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները, ներկայում մայրաքաղաքի տարածքում գործող հանքավայրերի մեծ մասի շահագործման ընթացքում նվազագույն կանոնները չպահպանելու եւ ապօրինի՝ առանց հողօգտագործման պայմանագրերի կամ անտառային հողերում իրականացվող հանքարդյունաբերական գործողությունների վերաբերյալ հետաքննող լրագրողների բացահայտումները:
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը քաղաքային միջավայրում առողջ ու բարեկեցիկ կյանքի համար մեկ բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքի նվազագույն մակերես է սահմանել 9 քմ կանաչ տարածքը: Երեւանի համար այս ցուցանիշը հաշվարկվել է 7,6 քմ, որն, ըստ հայտարարության հեղինակների, իրականում շատ ավելի ցածր է եւ վերանայման կարիք ունի:
Քաղհասարակության պահանջը հիմնված է նաեւ արդեն իսկ տրանսպորտի, էներգետիկայի, քաղաքաշինության, ջրօգտագործման եւ թափոնների կառավարման ոլորտներում առկա բացերի պատճառով Երեւանի շրջակա միջավայրի տարրերի՝ օդի, ջրի, հողի, էկոհամակարգերի վրա շարունակական բացասական ազդեցության փաստերի վրա, ինչը նաեւ պատշաճ վերահսկողության բացակայության հետեւանք է:
Ուստի ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամները քաղաքային իշխանություններին ու տեսչական մարմիններին կոչ են անում «հետեւողական լինելու մայրաքաղաքում արդեն իսկ գործող ընկերությունների եւ իրականացվող նախագծերի ՇՄԱԳ պահանջների կատարման առումով, կիրառելու օրենքով սահմանված կարգով աղտոտումների զսպման ու միջավայրի բարելավման գործողություններ, ապահովելու հանրության լայն, թիրախավորված եւ ոչ ընտրական իրազեկում շրջակա միջավայրի հնարավոր փոփոխություններ ենթադրող տեղի ունեցող եւ պլանավորվող գործողությունների վերաբերյալ՝ դրանց ամենավաղ փուլում»:
Երեւան քաղաքի բնակիչներին էլ պլատֆորմի անդամները կոչ են անում հետեւողական լինելու շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ որոշումների կայացման գործընթացներին իրենց մասնակցության եւ առողջ միջավայրում ապրելու իրենց բնական իրավունքի իրացման առումով։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։