Չեխիայի Հանրապետության Բնության պահպանության գործակալության, Ֆինլանդիայի բնապահպանության ինստիտուտի եւ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ գործարկվել է կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ www.biodiversity.am նոր կայքը:
Կայքն իրականություն է դարձել համատեղ ծրագրի շրջանակում, որի նպատակն է Եվրոպական միության չափանիշներին համապատասխան հզորացնել կենսաբազմազանության պահպանությունն ու կայուն օգտագործումը մեր երկրում: Ծրագիրը նախատեսում է նաեւ շրջակա միջավայրի նախարարության կարողությունների հզորացում՝ իրականացնելու այս բնագավառում ՀՀ-ԵՄ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ) ստանձնած հանձնառությունները։
ՀՀ-ն, ստորագրելով ՀԸԳՀ-ն, հանձն է առել իրականացնել կենսաբազմազանության պաշտպանության բարելավմանն ու կայուն օգտագործմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում ինչպես ազգային օրենսդրության վերանայման ու ԵՄ չափանիշներին համապատասխանեցման գործողություններ, այնպես էլ տարածքների գույքագրում, հստակեցում ու դրանց պահպանության համար պահանջվող միջոցառումների նախատեսում:
Ծրագրի երեք հիմնական ուղղություններից երրորդն էլ հանրության կրթական եւ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերն են, որոնցից մեկը հենց կայքի գործարկումն է։ Նախարարության, դրան կից ՊՈԱԿ-ների, լրագրողների, ՀԿ-ների եւ այլ շահագրգիռ կողմերի համար ճանաչողական այցեր են կազմակերպվելու Չեխիայի Հանրապետություն։
Կենսաբազմազանությամբ հետաքրքրվածների համար կայքում արդեն իսկ որոշակի տեղեկատվություն կա, որը պարբերաբար թարմացվում է: Հասանելի կլինեն նաեւ ծրագրին առնչվող փաստաթղթերն ու արդյունքները։ Շրջակա միջավայրի նախարարության տեղեկացմամբ յուրաքանչյուր ոք կարող է կապ հաստատել ծրագրի թիմի հետ կայքի միջոցով, ոլորտում ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ հարցեր տալ եւ մեկնաբանություններ թողնել։
«Շատ ուրախ ենք, որ արդեն ունենք հաղորդակցության նոր գործիք, որի շնորհիվ կարող ենք ներկայացնել Հայաստանի բնական ժառանգության կարեւորությունն ու եզակի արժեք լինելը։ Հուսով ենք, որ բնության պահպանության հարցերով հետաքրքրված հանրույթից մեծ թվով արձագանքներ կստանանք մեր աշխատանքների վերաբերյալ»,- նշել է Չեխիայի Հանրապետության Բնության պահպանության գործակալության հանրային կապերի փորձագետ Տոմաշ Ռուժիչկան։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։