20-ամյա Տիգրանը բանակ էր զորակոչվել պատերազմի մեկնարկից 9 ամիս առաջ։ Հադրութում է ծառայել, եղել 138-րդ դիրքի ավագը։ Ամենավտանգավոր դիրքի, պարզաբանում է, որովհետեւ կռիվը Հադրութում հենց այդ դիրքից է սկսվել՝ հակառակորդից 70 մ հեռավորության վրա։ Պատերազմի առաջին օրից ուժերի անհավասարությունն ակնհայտ է եղել, ինչին գումարվել է խուճապը։
«Իրավիճակին ոչ ոք չէր տիրապետում։ Զորքն անպատրաստ էր։ Սկզբում ստանում էինք 3 հրաման, իսկ 4-րդ հրամանն էր՝ ոնց ուզում եք, փախեք, դուրս եկեք։ Ես եթե վեր կենայի ու գայի մեր տուն, չէին նկատի, որ բացակա եմ: Պատերազմի ժամանակ հասարակ, շարքային զինվոր էի, բայց ես ու ինձ նմաններն էինք հիմնական կռվողը։
Կամավորականների կամ ՄՈԲ-ի 60-80 տոկոսը ոնց եկել, էդպես էլ հետ է գնացել․ չէին կարողանում օգնել, չէին տիրապետում տրված առաջադրանքին եւ առաջին մահից հետո խուճապահար փախչում էին»,- պատմում է Տիգրան Մարտիրոսյանը։
Առաջին փորձությունը
Հոկտեմբերի 6-ին Տիգրանը վիրավորվել է՝ ստանալով դեմքի եւ աջ աչքի վնասվածքներ։ Որդու հետ կատարվածի լուրն իմանալուց հետո հայրն անմիջապես Արցախ է գնացել։ Նրան փնտրել են բոլոր հիվանդանոցներում, հնարավոր բոլոր այն կետերում, որտեղ վիրավոր զինվորներ են եղել։ Ապարդյուն։ Մինչդեռ Տիգրանը, բժիշկների՝ Երեւան տեղափոխվելու պահանջին հակառակ, կրկին Հադրութ էր վերադարձել։
«Մի քանի օր ես էլ ընկերոջս հետ Հադրութում մնացի, տեսանք պատերազմի ահն ու խառնաշփոթը։ Տիգոյից շատ էի անհանգիստ, դիվերսիան մտել էր քաղաք, տղաս արդեն զանգեց, ասաց, որ ուշադիր լինենք ու հանկարծ չիջնենք իրենց մոտ՝ դիրքեր»,- պատմում է հայրը՝ Արթուր Մարտիրոսյանը։
Տիգրանին հաջողվել է համոզել հորը տուն վերադառնալ։ Հոկտեմբերի 9-ին, երբ Հադրութ քաղաքն արդեն թշնամու վերահսկողության տակ է եղել, Տիգրանենց զորամաս նույնպես դիվերսիոն խումբ է մտել։ Չդադարող կրակոցների տակ հազիվ է կարողացել դրոշն ու մի քանի կարեւոր իրեր դուրս բերել։ Իսկ առավել կարեւորը կապի, պահեստի եւ ճաշարանի աշխատողների տարհանումն է եղել, ինչից հետո կանայք խնդրել են տղաներին Ստեփանակերտում չթողնել, այլ տեղափոխել Գորիս․ այնտեղ ավելի ապահով էր։
«Ամուսինս ամսի 9-ին եկավ, հետո 10-ին Տիգրանս զանգեց, որ` գալիս եմ Գորիս։ Գնացինք Գորիս, արդեն էդտեղ ես իրեն տեսա։ Նիհարած, դեմքը մրոտ, ես էրեխուս էդպես թափթփված չէի տեսել։ Շատ խնդրեցի, որ հետ չգնա, ախր վիրավոր էր։ Պռավան [վարորդական իրավունքը] գրպանից հանեց, տվեց, թե՝ սա դժվար էլ ինձ պետք գա։ Ու հորդորեց հոր 50-ամյակին իր կողմից նվեր առնել։ Ասի` Տիգրա՛ն, դու ես պարտավոր դա անել», — արցունքները սրբելով` պատմում է մայրը՝ Աննա Մարտիրոսյանը, ու վերհիշում եւս մի դրվագ, թե ինչպես է հետդարձի ամբողջ ճանապարհին նախատել ամուսնուն։ «Ասում էի՝ եթե էրեխուս մի բան լինի, քեզ չեմ ների, հետ դարձիր, էրեխուս տուն բերենք, թող դատեն, ինչ ուզում է, թող լինի։ Ամեն ինչի պատրաստ էի, մենակ էրեխես հետ չգնար պատերազմի դաշտ»։
Իսկ հայրը հիշում է, որ Գորիսում եղած ժամանակ անընդհատ զանգում էին Տիգրանին․ սպասում էին նրան։ «Անգամ հագուստը չփոխեց, չլողացավ։ Ասում էր՝ պա՛պ, գոնե 2 օր օդը պահեն, պոստերը հետ կբերենք, դրանց շարժը լրիվ գիտեմ»,- պատմում է Արթուր Մարտիրոսյանը։
Կյանքի եւ մահվան արանքում
Հոկտեմբերի 13-ին Տիգրանի ընտանիքի անդամները օրվա լրահոսից հերթական պայթյունի մասին են իմացել․ Հադրութում անօդաչու թռչող սարքը զինվորներին տեղափոխող մեքենա էր խոցել։ Փորձել են կապվել տղայի հետ, չեն կարողացել։ Թեպետ նախապես գիտեին, որ նա Կարմիր շուկայում էր, որտեղից էլ դիրքեր պետք է գնային։ Տիգրանի եղբայրը շտապել է հանգստացնել մորը՝ համոզելով, որ տղաները վաղուց դիրքեր հասած կլինեն։
«Ում դիմում էի, ոչ մեկը բան չէր ասում։ Զանգում էին, դուրս գալիս տնից, հետ գալիս, ասում, որ լուր չունեն, հետո նորից գնում։ Բայց ես ֆիզիկական ցավ էի զգում, հասկանում էի, որ Տիգրանս վիրավոր է։ Լացելով էրեխուս իրերն էի հավաքում (հագուստ, օծանելիք)։ Զանգեցի եղբորս, ասի՝ արի ինձ Երեւան տար, էրեխես վիրավոր է։ Դուրս եկանք։ Ճանապարհից եղբայրս զանգեց ամուսնուս, թե՝ Աննայի հետ բան է կատարվում, ինձ Երեւան է քշել տալիս։ Ամուսինս էդ ժամանակ ասեց, որ ճիշտ էլ անում եք, եկեք, «Աստղիկ»-ում (հիվանդանոցում – հեղ․) ենք»,- պատմում է տիկին Աննան։
24 զոհ եւ 8 վիրավոր, որոնցից մեկը Տիգրանն է եղել։ Երկու օր կաթվածահար, գրեթե անգիտակից ընկած է եղել զոհված ընկերների կողքին։ Հիշում է՝ 4 հոգի գնացել են օգնություն կանչելու, բայց նրանցից ոչ մեկը չի վերադարձել։ Մյուսներն էլ փոսի մեջ են մտել, որ տեսադաշտում չլինեն։
«Վիրավորվելուց հետո 15-20 մ քայլել եմ իրենց հետեւից, ովքեր ողջ էին մնացել։ Ես մեքենայից կողքի բլուրի հետեւն էի հասել ու վախենում էի, որ ինձ չեն կարողանա գտնել։ Երկու օր մենակ հասկացել եմ, թե ոնց է լույսը բացվում ու մթնում։ Շոկի մեջ էդ ամեն ինչը զգում էի, բայց ցավն էլ էի զգում ու չէի կարողանում շարժվել։ Աղոթում էի, որ մի ժամ շուտ մահանամ, կամ վրաս երկրորդ «սնարյադն» ընկնի, ու չզգամ էդ ամեն ինչը»,- դժվարությամբ պատմում է Տիգրանը։
Միայն երկու օր անց՝ գիշերը, մյուս վիրավորները, որ Տիգրանից բավականին հեռու են եղել, կարողացել են անցնող մեքենաներին կանգնեցնել, ասել, որ վիրավոր են, եւ օգնություն խնդրել՝ զոհված ընկերներին տեղափոխելու համար։
«Էն ո՞վ է, ո՞վ է շարժվում։ Կիրովականցի Տիգոն ա, սաղ է, շնչում է, հասե՛ք, փրկե՛ք․․․ լսում էի տղերքի ձայները ու մինչեւ հիվանդանոց գիտակից եմ եղել, որոշ չափով հասկացել, թե հետս ինչ է կատարվում, մինչեւ կոշիկս հանեցին, ու էլ չեմ հիշում։ Ասում են՝ սրտի կանգ եմ ունեցել, մի քանի օր կոմայի մեջ եմ եղել ու արդեն աչքս բացելուց հետո մորս եմ տեսել կողքիս»,- իր ապրած թերեւս ամենածանր դրվագներն է վերհիշում Տիգրանը։
Մեկ տարվա ընթացքում 11 տարբեր վիրահատություններ է տարել։ Դեռ 3 անգամ էլ պետք է վիրահատվի․ վնասվածքները մեծ եւ խորն են եղել։ Եվ ինչպես մայրը՝ տիկին Աննան է ասում, սա էլ մի երկրորդ պատերազմ էր, որտեղ բժիշկներն ու ծնողներն էին կռվում հանուն իրենց զավակների կյանքի։
Վերածնվելուց հետո
Հայաստանի ծանրամարտի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը, որ վնասվածքի պատճառով ծանրամարտը թողնելուց հետո սկսել էր մարտարվեստով (բռնցքամարտ, ազատ ոճի ըմբշամարտ) զբաղվել, վիրահատություններից հետո որոշել է վերադառնալ սպորտ, ավելին՝ պարօլիմպիական խաղերի մասնակցել։ Նրա մտադրությունն իմանալուց հետո մարզիչը շատ է ոգեւորվել, բայց բժիշկներն արգելել են․ պետք է ժամանակ անցնի։
Տիգրանը վստահ է, որ թե՛ կռվի դաշտում եւ թե՛ սեփական կյանքի համար պայքարելիս բոլոր դժվարությունները կարողացել է հաղթահարել ֆիզիկական առողջության շնորհիվ։ Բժիշկները նույնպես դա հաստատել են, ասում է եւ շարունակում՝ մարզչի աշխատանք են առաջարկել, առողջական խնդիրները կլուծի եւ գուցե համաձայնի, որովհետեւ առանց սպորտի չի կարող։
Բանակ գնալուց առաջ Տիգրանը Վանաձորի մանկավարժական համալսարանի կառավարման ֆակուլտետ էր ընդունվել, բայց կրթությունը կկարողանա շարունակել հաջորդ տարի, երբ վիրահատություններն ավարտված կլինեն։ Ներկայում էլ կարեւոր անելիքներ ունի. մասնակցելու է Վանաձորի ՏԻՄ ընտրություններին, ավագանու անդամի թեկնածու է։ Ասում է՝ ոչ թե քաղաքականության մեջ լինելու, այլ խելացի եւ հայրենասեր մարդկանց կողքին լինելու նպատակով։
Աշխատել բոլոր բացթողումների վրա, ուղղակի գնահատել հայրենիքը, պարտադիր ծառայել այնպես, ինչպես գրված է գրքերում, տիրապետել զենքին, որ ցանկացած իրավիճակից կարողանաս դուրս գալ քեզ կցված զենքով, զարգացնել գիտությունը, կարեւորել գիտնականի աշխատանքը, զենք արտադրել․ սա է մտածում Տիգրանը 44-օրյա պատերազմից հետո եւ փորձում ապրել ճշմարիտ քրիստոնյայի պես՝ ամեն օր պարտադիր աղոթելով ու շնորհակալ լինելով, որ վերածնվել է։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։