Ըստ կոլումբիական Semana պարբերականի՝ Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտի մասնագետները հանգել են այն եզրակացության, որ սովորական սպանախը հիպերտոնիկների համար ամենաօգտակար մթերքներից մեկն է։ Գիտնականների կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ սպանախի օգտակարության գաղտնիքը նրանում պարունակվող ոչ օրգանական նիտրատներն են։
Հետազոտության մասնակիցները շաբաթական երեք անգամ փոքր քանակությամբ սպանախ են կերել։ Արդյունքում գիտնականները նրանց մոտ զարկերակային ճնշման նվազում են արձանագրել:
Պարզվել է, որ նիտրատները նպաստում են ազոտի օքսիդի ձեւավորմանը, որը լայնացնում է անոթները եւ օգնում է վերահսկելու ճնշումը:
Մադրիդի La Paz հիվանդանոցի բժիշկ Ռեգինա Դալմաուն հետազոտությունից հետո եկել է այն եզրակացության, որ նիտրատների վտանգի մասին գոյություն ունեցող կարծիքը սխալ է:
«Այս հետազոտության շնորհիվ իմացանք, որ նիտրատները ոչ միայն վտանգավոր չեն, այլեւ նույնիսկ օգտակար են սրտանոթային համակարգի համար»,- նշել է բժիշկը։
Բազմաթիվ մարդիկ աշխարհում տառապում են հիպերտոնիայից՝ արյան բարձր ճնշումից։ Հիպերտոնիան ոչ միայն ամենատարածված, այլեւ ամենամահաբեր հիվանդություններից է։ Արյան ճնշումը վերահսկելու համար բժիշկները ավանդաբար խորհուրդ են տալիս հետեւել սննդակարգին, քաշին, խուսափել սթրեսներից, հրաժարվել ծխելուց, կրճատել աղի, ալկոհոլի եւ կոֆեինի օգտագործումը: