Ղազախստանի զինված ուժերի զինանոցը կհամալրվի թուրքական ANKA հարվածային անօդաչուներով։
Գնման պայմանագիրը ստորագրել են Ղազախստանի արդյունաբերության եւ ենթակառուցվածքային զարգացման նախարարության անունից «Կազսպեցէքսպորտ» ձեռնարկությունը եւ ANKA-ի արտադրողը` թուրքական Türk Havacılık ve Uzay Sanayi AŞ (TUSAŞ) օդատիեզերական ընկերությունը:
Ըստ պայմանագրի՝ Ղազախստանի ռազմաօդային ուժերը մինչեւ 2023 թվականը կստանան երեք ANKA անօդաչու թռչող սարք, երկու ցամաքային բազաներ, ինչպես նաեւ լոգիստիկ սպասարկման փաթեթ՝ տեխնիկական փաստաթղթեր, ուսուցում եւ պահեստամասեր:
ԱԹՍ-ն հագեցած է էլեկտրաօպտիկայով, լազերային ցուցիչով, տեսախցիկով լազերային հեռաչափով։ Սարքն ունի 1700 կգ առավելագույն թռիչքային զանգված եւ կարող է երկնքում մնալ ավելի քան 30 ժամ: Անօդաչու թռչող սարքերի հեռահարությունը մինչեւ 250 կմ է: ԱԹՍ-ն կարող է փոխադրել 350 կգ բեռ:
MALE (Medium Altitude Long Endurance) դասի ANKA ԱԹՍ-ից մինչեւ այժմ արտադրվել է ընդամենը 50 միավոր։ Այս դրոնների առաջին գնորդը՝ Թունիսը, 3 միավոր ԱԹՍ է գնել։
ANKA ԱԹՍ-ներն այժմ ակտիվորեն կիրառում են Թուրքիայի ռազմաօդային, ռազմածովային ուժերը, ինչպես նաեւ ժանդարմերիան եւ Ազգային հետախուզության կազմակերպությունը։