Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգել է, որ կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր շտամի՝ «Օմիկրոնի» («B.1.1.529») տարածման տեմպերն անհանգստացնող են:
«Կորոնավիրուսային հիվանդության նոր շտամը, որն ունի շուրջ 50 մուտացիա, որից 30-ը` սպայկային սպիտակուցում, առաջին անգամ արձանագրվել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում: «Օմրիկոն» շտամով պայամանվորված դեպքեր են արձանագրվել նաեւ Բոթսվանայի Հանրապետությունում, Հոնկոնգում, Բելգիայում, Իսրայելում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ «B.1.1.529» վիրուսը մի շարք մուտացիաների արդյունքում կարող է ազդել օրգանիզմում սպիտակուցի պարունակության վրա, իսկ նման փոփոխությամբ ներկայիս պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունում։
ԱՀԿ-ն հայտնել է, որ այս շտամն ավելի արագ է տարածվում, քան իր նախորդները, ինչի մասին վկայում է Հարավային Աֆրիկայի փորձը: Հետեւաբար նոր շտամը կարող է վարակել ավելի շատ մարդկանց, ներառյալ նրանց, ովքեր ապաքինվել են այլ շտամներից: Կազմակերպությունը կոչ է արել բոլոր երկրներին ավելի մեծ ուշադրություն դարձնելու կորոնավիրուսի նոր շտամի ուսումնասիրությանը։
Պատվաստվածները պաշտպանվա՞ծ են նոր շտամից
Եվրոպայում հարավաֆրիկյան շտամով վարակման առաջին դեպքը գրանցվել է Բելգիայում։ Կորոնավիրուսի այս տարբերակի ուսումնասիրությունները դեռեւս վաղ փուլում են, սակայն մասնագետները կարծում են, որ այն կարող է վարակել նաեւ գոյություն ունեցող պատվաստանյութերով պատվաստված մարդկանց:
Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, AstraZeneca դեղամիջոցի գլխավոր մշակող Էնդրյու Փոլարդն էլ BBC 4 ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ կորոնավիրուսի «օմիկրոն» նոր շտամը դժվար թե անցյալ տարվա պես համավարակի նոր ալիք առաջացնի պատվաստված բնակչության շրջանում։
Փոլարդը նշել է, որ ներկա պատվաստանյութերը կշարունակեն կանխել լուրջ հիվանդությունները։ Ըստ պրոֆեսորի՝ «օմիկրոնը» տարածմամբ չի գերազանցի Եվրոպայում գերիշխող «դելտա» շտամին:
«Օմիկրոն» շտամը մակրոաշխարհում
Աֆրիկայի հարավում կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման մասին հայտնի է դարձել նոյեմբերի 22-ին: Նոր տեսակի կորոնավիրուսը ակտիվորեն տարածվում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, ինչի պատճառով մի շարք երկրներ, մասնավորապես Մեծ Բրիտանիան, դադարեցրել են ավիահաղորդակցությունն այդ երկրի հետ:
Եվրամիության երկրները հավանություն են տվել Հարավային Աֆրիկայի յոթ երկրներից՝ ՀԱՀ-ից, Բոթսվանայից, Զիմբաբվեից, Լեսոտոյից, Նամիբիայից, Մոզամբիկից եւ Սվազիլենդից, ԵՄ մուտքի սահմանափակումներ մտցնելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկին:
Աշխարհի նորանոր պետություններ են հայտարարում «Օմիկրոնի» տարածումը կանխելու նպատակով կիրառվող հակահամաճարակային սահմանափակումների մասին։
Պաշտոնական Վաշինգտոնը նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան հայտարարել է Հարավային Աֆրիկայի եւ տարածաշրջանի եւս յոթ պետությունների քաղաքացիների մուտքը երկրի տարածք արգելելու մասին։
Այսօրվանից աֆրիկյան մայրցամաքի հարավից Միացյալ Նահանգներ կարող են վերադառնալ բացառապես ԱՄՆ քաղաքացիներն ու մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիները։
Նոյեմբերի 27-ին նման որոշում է ընդունել նաեւ Ավստրալիայի կառավարությունը։
Կանադայի իշխանությունները եւս արգելել են երկիր մուտքն օտարերկրյա այն քաղաքացիների համար, որոնք վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են Աֆրիկայի հարավի երկրներում, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարատեսակ: Կանադայի տրանսպորտի նախարար Օմար Ալգաբրան հայտնել է, որ Կանադայի բոլոր քաղաքացիները, որոնք վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են Հարավային Աֆրիկայում, պարտադիր կորոնավիրուսի թեստ են հանձնելու:
Ցանկանում են քավության նոխա՞զ գտնել
Հարավային Աֆրիկայի իշխանությունները, սակայն, ձեռնարկված քայլերը վաղաժամ եւ չարդարացված են համարում։
«Դա սխալ, մոլորեցնող մոտեցում է, որը հակասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նորմերին։ Մեր տպավորությամբ` մի շարք պետությունների ղեկավարներ ցանկանում են քավության նոխազ գտնել, որին հնարավոր կլինի մեղադրել գլոբալ խնդիրների ծագման համար»,- նշել է Հարավային Աֆրիկայի առողջապահության նախարար Ջո Փհահլան։
Ի դեպ
Օմիկրոնը (հունարեն` όμικρον) հունական այբուբենի տասնհինգերորդ տառն է, որից առաջացել են լատինական եւ հայկական այբուբենների, ինչպես նաեւ կիրիլիցայի «օ» տառերը։