Այսօր Կիպրոսի թուրքական հատվածում գտնվող հայկական պատմական Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ է մատուցվել, որը նվիրվել է Սուրբ Աստվածածին անունը կրող մյուս եկեղեցու՝ Նիկոսիայի առաջնորդանիստի հիմնադրման 40-ամյակին:
Թուրքիայի կողմից գրավվելուց հետո կիպրական մյուս հատվածի հայկական եկեղեցիները չեն գործում, եւ միայն ժամանակ առ ժամանակ (հատուկ պայմանավորվածություններով) այնտեղ պատարագներ կամ ուխտագնացություններ են կատարվում: Այս պատարագն էլ, ինչպես «Ալիք Մեդիա»-ն տեղեկացավ Հայ առաքելական եկեղեցու Կիպրոսի թեմից, հնարավոր է դարձել երկար բանակցություններից հետո. եկեղեցում պատարագ է մատուցվել երեք տարվա ընդմիջումից հետո:
Հայերի՝ Հյուսիսային Կիպրոսում պատարագ անցկացնելու ցանկությանն այս անգամ աջակցել են Կիպրոսում Շվեդիայի դեսպանատունն ու միջազգային Religious Tract Society կրոնական կազմակերպությունը: Տեղեկացանք, որ հայ հավատացյալների հետ Հյուսիսային Կիպրոս են այցելել նաեւ Կիպրոսում հավատարմագրված դեսպաններ, ՄԱԿ-ի ներկայացուցիչը, այլ միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ, ինչպես նաեւ Կիպրոսից հայկական երգչախումբ: Պատարագի մասնակիցների առջեւ պարտադիր պայման է դրվել ՄԱԿ-ի սահմանած «կանաչ գիծ»-ը հատելուց հետո պահպանելու կիպրա-թուրքական կողմերի սահմանած բոլոր օրենքները: Չնայած առաջնորդարանի հորդորներին, որ մեծ թվով հավատացյլաներ միանան խմբին՝ մասնակիցների թիվը փոքր է եղել:
Թուրքական Կիպրոսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագները հայտնի են իբրեւ «Վիկտորիա փողոցի պատարագներ». սահմանին մոտ գտնվող այդ փողոցում է 1116 թվականին հիմնվել հայկական Սուրբ Աստվածածինը, որը պատարագից առաջ հայկական կողմի խնդրանքով մաքրվել եւ կարգի է բերվել: Տեղեկացանք նաեւ, որ սահմանից մի փոքր հեռու է գտնվում նաեւ Հայ ավետարանական եկեղեցին, որում այժմ թուրքական մի գործարան է տեղակայվել: Կղզու թուրքական հատվածում է նաեւ հայկական Մակարավանքը, այլ հայկական սրբավայրեր:
Թուրքական Կիպրոսում այսօրվա պատարագը մատուցել է Կիպրոսի Հայոց թեմի առաջնորդ Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանը, նույն ժամին պատարագ է մատուցվել նաեւ Նիկոսիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Լուսանկարները՝ Սիմոն Այնեջյանի