«Սկզբում թերահավատորեն էինք մոտենում, մտածում էինք, որ առցանց դասընթացներն այդքան էլ օգտակար չեն լինի, բայց պարզվեց՝ սխալվում էինք։ Բավականին շատ գիտելիք ստացանք ու հնարավորություն ունեցանք մեր սովորածը փորձաշրջանի ընթացքում կիրառելու»,- ասում են «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» հասարակական կազմակերպության իրականացրած «StopCOVID, StartWORKING» ծրագրի մասնակիցները։ Այն իրագործվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում։
Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ «StopCOVID, StartWORKING»-ի փակման արարողությունը։ Որոշ ուսանողների փորձաշրջանն էլ կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 15-ը։ Ընդհանուր առմամբ, ծրագիրն անցել է հետեւյալ փուլերով՝ հայտադիմումի բացում, մասնակիցների ընտրություն, դասընթացավարների ընտրություն, դասընթացներ, հետազոտություն՝ «ՀՀ աշխատաշուկայում թվային մարքեթինգի կրտսեր մասնագետից պահանջվող հիմնական ակնկալիքները» թեմայով, ուսանողների թեստավորում եւ փորձաշրջան։
Մինչեւ դասընթացների սկսվելը հարցումներ են անցկացրել մարքեթինգով, տեղեկատվական տեխնոլոգիաներով, կրթական ու տուրիստական ծրագրերով զբաղվող 120 ընկերություննների հետ։ Հարցման արդյունքում պարզվել է, որ Հայաստանում նշված ոլորտներում գործող ընկերություններն ամենաշատը (45%) սոցիալական մեդիայի մարքեթինգի (SMM) մասնագետի կարիք ունեն։ Առավել քիչ պահանջվածներից են որոնողական համակարգերի (SEO) օպտիմալացիայի մասնագետները։ Ըստ թվային մարքեթինգի փորձագետ Ռոման Դանեղյանի՝ դա պայմանավորված է ոչ թե նրանով, որ Հայաստանում բավարար մասնագետներ կան, այլ նրանով, որ այդ ճյուղն այստեղ այնքան էլ զարգացած չէ։ Փակման արարողության ընթացքում հարցուպատասխանի միջոցով քննարկվեցին ոլորտին վերաբերող շատ այլ հարցեր։
Ուսանողների փորձաշրջանը կազմակերպվել է վեց ընկերություններում։ Քանի որ շատ դեպքերում ուսանողի եւ ընկերության գտնվելու վայրերը տարբեր են եղել, փորձաշրջանը եւս հիմնականում առցանց է կազմակերպվել։ «Ունեցել ենք դեպք, օրինակ, որ մասնակիցը եղել է Հրազդանում, իսկ պրակտիկայի ընկերությունը՝ Վանաձորում։ Հարմար չէր լինի ամեն օր Վանաձոր հասնել։ Իսկ այն, որ տվյալ բնակավայրի մասնակցին այդտեղ գտնվող ընկերություն չենք ուղարկել փորձաշրջանն անցնելու, պայմանավորված է նրանով, որ, շվեդական մոդելի համաձայն, կողմերն իրար անծանոթ պետք է լինեն»,- ասում է «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ-ի նախագահ Տիգրան Ավագյանը։ Մասնակիցներից երեքն արդեն աշխատանքի առաջարկ են ստացել։ Միջոցառման ընթացքում շահառուներին հանձնվեցին մասնակցության վկայագրեր։
Տիգրան Ավագյանն ասում է՝ սա Երեւանում իրականացրած վերջին ծրագիրն էր։ Այսուհետ «Երիտասարդների հնարավորությունների ակումբ»-ը գործելու է Կապանում։ Նպատակը դեպի Կապան ներքին միգրացիա կազմակերպելն է։ «Մարդիկ Կապանից գնում են, բայց այն մեծ ներուժով քաղաք է, պիտի փորձենք հնարավորինս զարգացնել»,- եզրափակում է Տիգրանը։