Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ), ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի, Գիտական եւ նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի (ԳՆԳԱԿ) եւ Եվրոպական հանձնաժողովի համագործակցությամբ տեղի ունեցավ Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի եւ «EURAXESS Հայաստան» պորտալի շնորհանդեսը:
Ներկայացվեց Հայաստանի ասոցացման եւ համագործակցության գործողությունների փաթեթը: Նոյեմբերի 12-ին Բրյուսելում ստորագրվել էր «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը, որը նախատեսված է 2021-2027 թվականների համար: Այն հետազոտողներին թույլ կտա ինտեգրվել համաեվրոպական գիտական ցանցում, օգտվել ԵՄ ամենամեծ՝ 95 մլրդ եվրո բյուջե ունեցող գիտական համագործակցության ընձեռած հնարավորություններից:
«Հորիզոն 2020» ծրագրից դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում ֆինանսավորում է ստացել «EURAXESS. am» նախագիծը: Համաեվրոպական նախագծին անդամակցում են Երեւանի պետական համալսարանը (ԵՊՀ), Երեւանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ), ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը (ՄԳԿ):
Գիտական եւ նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի տնօրեն Տիգրան Արզումանյանը վստահեցնում է, որ հարթակի շնորհիվ ընդլայնվելու է միջազգային գիտական համագործակցության շրջանակը: Ցանցում ներառված են 43 կազմակերպություններ, որոնք նպաստում են հետազոտողների զարգացմանն ու առաջընթացին՝ ստեղծելով ընդհանուր շուկա:
«EURAXESS պորտալն առաջարկում է աշխատանքի բազմաթիվ հնարավորություններ եւ վերապատրաստումներ: Փորձագետները հետազոտողներին օգնում են տեղափոխվելու մի երկրից մյուսը: Պորտալում այժմ գրանցված են 75000 հետազոտող, 20000 կազմակերպություններ: Կան ֆինանսավորման 2000-ից ավելի հնարավորություններ»,- ասում է Տիգրան Արզումանյանը:
Բանախոսները նշում են՝ համաշխարհային նորարարական «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շնորհիվ միջազգային համագործակցության դրսեւորումներն արդեն տեսանելի են: Նման օրինակներից է ԵՄ-ի եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի համագործակցությունից ծնված COBRAIN նախագիծը: Այն շահել է Հորիզոն 2020 «Թվինինգ» ծրագիրը, որով ԵՊԲՀ-ն դարձել է «Քոբրեյնի» համակարգողը: Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնը նպաստելու է քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը, ապահովելու է դրա առողջ կենսագործունեությանը: ԵՊԲՀ-ն համագործակցում է Բոննի, Թյուբինգենի, Լունդի համալսարանների հետ: Բուհի հաջողության բանաձեւն է ներկայացնում գիտության գծով պրոռեկտոր, «COBRAIN»-ի համակարգող, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը:
«Որոշեցինք խորանալ ուղեղի հետազոտությունների մեջ, համախմբել մոլեկուլյար կենսաբանության, քիմիայի եւ հարակից այլ ոլորտների գիտնականների մասնագիտական ներուժը եւ «ներխուժել ուղեղ», դառնալ այս ոլորտի փորձագետ։ Հենց գիտական այդպիսի ներուժը թույլ կտա տեղորոշվել համաշխարհային գիտական քարտեզում»,- ասում է պրոֆեսորը:
Գիտության ասպարեզ մուտք գործելիս երիտասարդ գիտնականները մի շարք խոչընդոտների են բախվում, ինչպիսիք են ենթակառուցվածքների բացակայությունը, գիտական համապարփակ ֆինանսավորման խնդիրը, որն իրականացվում է փոքր ծավալներով: Կարեւոր է, որ գիտնականը զբաղվի ոչ թե ֆինանսավորման ֆոնդերի հայթայթմամբ, այլ կենտրոնանա գիտական աշխատանքի վրա: Նման հիմնահարցեր է ներկայացնում Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը: Հիմնադրամը համագործակցում է բուհերի եւ ԳԱԱ ինստիտուտների հետ: Նախատեսվում է մինչեւ հաջորդ տարի ավարտին հասցնել 10 գիտական ծրագրեր, որոնց ֆինանսավորումը հասնում է 125000 դոլարի:
«Մեր խնդիրն է հասկանալ, թե ինչպիսի ծրագրեր պետք է իրականացնել, որպեսզի Հայաստանը ներառվի նորարարական երկրների ցանկում, ինչ քայլեր պետք է անել, որ գիտական կարիերան գրավիչ դառնա, ինչպիսի ռեսուրսներ եւ հնարավորություններ կան երիտասարդ գիտնականների զարգացման համար: Հայաստանում կա գիտաշխատողների «ծերացման ֆենոմենը»: Բացի այդ՝ կա նաեւ գիտական ղեկավարների խնդիր, եւ շատ կարեւոր է սփյուռքի գիտնականների ընդգրկումը նման ծրագրերում»,- ասում է Շամախյանը:
«Հորիզոն Եվրոպան» թույլ կտա նախանշված ոլորտներում գիտական խմբերի շուրջ ինստիտուցիոնալ ներուժ ստեղծել, որի արդյունքում միջազգային համագործակցությունը կդառնա շարունակական:
Ալմաստ Մուրադյան