Ըստ իսրայելական Jerusalem Post պարբերականի՝ Իսրայելի Արիելի համալսարանի մասնագետները հետազոտությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ միլիմետրային ալիքների կիրառման շնորհիվ հնարավոր է դարձել երկու վայրկյանում մակերեսներից վերացնել կորոնավիրուսի եւ պոլիովիրուսի 99,8%-ը:
Փորձագետներն ուսումնասիրել են 1-10 միլիմետր երկարությամբ ռադիոալիքների ազդեցությունը վարակի վրա ու հայտնաբերել, որ ճառագայթումը երկու վայրկյանում ոչնչացնում է պաթոգենները:
Հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Մոշե Էյնաթը նշել է, որ այդ տեսակի ճառագայթումն աշխատում է միլիմետրանոց ալիքի ռեժիմում, ինչը նշանակում է, որ դրանք մոտ 3 միլիմետր ալիքի երկարություն ունեն։
«Պարզապես համեմատության համար՝ բջջային հեռախոսի ճառագայթումը մոտ 30 սանտիմետր ալիքի երկարություն ունի, իսկ միկրոալիքային վառարանը՝ մոտ 12 սանտիմետր»,– շեշտել է իսրայելցի պրոֆեսորը:
Գիտնականները նշել են նաեւ, որ նման ալիքներն ի վիճակի են բարձրացնելու ջերմաստիճանը, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում սպանել վիրուսային մասնիկները։ Ընդ որում՝ նոր եղանակը միանգամայն հարմար է տարբեր մակերեսների, օրինակ՝ սարքավորումների եւ այլ տեխնիկայի վրա կիրառելու համար։
Մյուս կողմից հետազոտության հեղինակները վստահ չեն՝ արդյոք վերոնշյալ եղանակը կարելի է կիրառել մարդու օրգանիզմում վարակի դեմ պայքարելու համար: