ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ որպես ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ հանգիստ չի լինի, մինչեւ տուն չվերադարձնեն բազմաթիվ հայ գերիներին, մինչեւ փախստականները չվերադառնան իրենց տները, եւ տարածաշրջանում վերջնական ու արդար խաղաղություն չհաստատվի։
Կոնգրեսականը, ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների՝ Երեւանում մեկնարկած խորհրդաժողովում իր տեսաուղերձում նշել է, որ թեեւ այս տարի առաջընթաց է գրանցվել, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոտրել է ամոթալի լռության տասնամյակները՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, սակայն դրանով իրենց` կոնգրեսականների աշխատանքը չի ավարտվում։
Շիֆը հիշեցրել է, որ ճիշտ այս պահին հազարավոր մարդիկ Հայաստանում եւ Արցախում ապրում են իրենց հարեւանների կողմից շարունակական սպառնալիքի պայմաններում` միաժամանակ սգալով իրենց հարազատների կորուստը, որոնք սպանվում են, գերեվարվում, տեղահանվում, խոշտանգվում ու ապօրինաբար ձերբակալվում:
Կոնգրեսականը հավելել է, որ շարունակելու է աջակցել ու ուժեղացնել ժողովրդավարությունը ՀՀ-ում եւ Արցախում, խորացնել հայ ու ամերիկացի ժողովուրդների կապերը:
«Ես միշտ կլինեմ Հայաստանի ու Արցախի կողքին»,- ընդգծել է Ադամ Շիֆը։