Ըստ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի՝ Վրաստանում մտադիր են արգելել ծխելը տաքսիներում եւ մասնավոր ավտոմեքենաներում։
«Ծխախոտի դեմ պայքարի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները քննարկվելու են նոյեմբերի 29-ին Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստում։ Իսկ խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում այն կներառվի գարնանը։
Ծխելը նոր օրենքով կարգելվի մասնավոր մեքենաներում եւ տաքսիներում, եթե ավտոմեքենայում անչափահասներ լինեն։ Օրենքը խախտելու դեպքում նախատեսվում է տուգանք 200 լարիի (մոտ 65 դոլար) չափով։ Ընդ որում, օրինագծի համաձայն, տուգանքի կենթարկվեն ծխող վարորդներն ու ուղեւորները։
Վրաստանում հակածխախոտային նախաձեռնությունը շրջանառության մեջ է դրվել 2017-ից, երբ արգելվեց ծխախոտի օգտագործումը հասարակական վայրերում եւ հանրային տրանսպորտում։