Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ հունվարի 1-ից Հայաստանում հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին մուտքը լինելու է միայն պատվաստման վկայականի կամ բացասական թեստի արդյունքի ներկայացմամբ։
«Այս սահմանափակումները գուցե որոշակի անհարմարություններ են առաջացնում, սակայն նժարի վրա դնելով հանրային առողջապահական հարցերը` կարծում ենք, որ անհրաժեշտ է նման միջոցներ կիրառել»,– ասել է նախարարը։
Առողջապահության նախարարությունը նախատեսում է որոշ սահմանափակումներ կիրառել ՀՀ մուտք գործող այն երկրների քաղաքացիների համար, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր` «Օմիկրոն» շտամը։
Մասնավորապես կարգելվի Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Բոտսվանայից, Լեսոթոյից, Նամիբիայից, Զիմբաբվեից, Մոզամբիկից, Մադագասկարից եւ Տանզանիայից քաղաքացիների մուտքը Հայաստան։
Կորոնաթվերը ՀՀ-ում
Նախարարության տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 189-ով եւ դարձել 338120:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 12947 մարդ, այսօր 11։00-ի դրությամբ՝ 905-ը, կատարվել է 2 միլիոն 360 հազար 218 թեստավորում, այսօր՝ 4172, առողջացել են վարակվածներից 316 հազար 198-ը, այսօր՝ 1072: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 21 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7535 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով ու դարձել 1440։
Լիովին պատվաստվել է 436380 մարդ
ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 28-ի դրությամբ հանրապետությունում կատարվել է 1 միլիոն 217 հազար 391 պատվաստում (կամ՝ 39%-ը), որից` առաջին չափաքանակով պատվաստվել է` 781011, երկրորդ չափաքանակով` 436 380 մարդ:
«Կորոնավիրուսի հետեւանքով հոսպիտալացված 2009 քաղաքացիներից պատվաստված են ընդամենը 102-ը, այսինքն` 3.5%-ը»,- նշել է ՀՀ առողջապահության նախարարը։
Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Հայաստանում մինչ այսօր կորոնավիրուսով վարակված 23 քաղաքացի է մահացել, որոնք պատվաստված են եղել։
«Նրանց միջին տարիքը 75-ից բարձր է եղել, ունեցել են խրոնիկ հիվանդություններ։ Այս պահին կորոնավիրուսի` 13 562 ակտիվ դեպքերի շրջանում ունենք 1092 պատվաստված քաղաքացի, այսինքն` 8.1 տոկոսն են պատվաստված։ Ծանր վիճակում գտնվողներից 9-ն են ամբողջապես պատվաստվել»,- ասել է առողջապահության նախարարը։
Նախարարը հավելել է, որ 1 միլիոն 217 հազար 391 պատվաստվածներից 79-ն առողջական որոշակի խնդիրներ է ունեցել․ մեծամասամբ կորոնավիրուսով են վարակվել։ Մնացած փոքրաթիվ դեպքերում ալերգիկ ռեակցիաներ են ընթացել։